Կարևոր իրադարձություններ

Անահիտ Բախշանն այցելել է հոսպիտալ և դիմում է նախարարին

12 Ապրիլ, 2016 11:32
Անահիտ Բախշանն այցելել է հոսպիտալ և դիմում է նախարարին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այցելել է կենտրոնական հոսպիտալ և ֆեյսբուքյան նամակով դիմում է Պաշտպանության նախարարին

Երեկ այցելել եմ Էրեբունի հիվանդանոց, որտեղ 7 վիրավոր զինվոր է բուժվում: Նրանցից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Թեև բժիշկները չափազանց հոգատար են ու ոչինչ չեն խնայում զինվորների բուժման համար, սակայն արհավիրքի միջով անցած ու մազով մահվանից փրկված այս հերոսների ծնողներն ու բարեկամները օրերով անմխիթար կուչ են գալիս հիվանդանոցի միջանցքներում` սպասելով լավ լուրի: Նրանք կարոտ են գթասիրտ ու ջերմ խոսքի հատկապես ՊՆ-ի կողմից:
Ծանր վիճակում գտնվող զինվորներից մեկը Ռուբեն Ռազմիկի Առաքելյանն է` ընտանիքի միակ զավակը: Մայրը մղկտալով ասում էր, որ ինքն առանց իր որդու չի պատկերացնում իր կյանքը:

Պարո’ն Օհանյան, հարց է ծագում` օրենքն արդյոք չի՞ արգելում ընտանիքի միակ զավակին տանել առաջին գիծ:

Մյուս մայրը` տիկին Ալվինան, ում տղայի՝ բազմաթիվ վնասվածքներ ստացած Էրիկ Մուրադի Բաբայանի կյանքի համար բժիշկները հենց այս պահին կենաց-մահու կռիվ են տալիս, խնդրում էր, որ բարձրաձայնեմ իր խնդրանքը դիրքերը զորացնելու, երկրապահ-կամավորականներին զինելու և տղաների օգնության ուղարկելու մասին: Ասաց, որ ինքը չի բողոքում, բայց պահանջում է սահմաններին կանգնած զինվորին պատշաճ զինել:

Պարո’ն Օհանյան, այս նամակով դիմում եմ Ձեզ` հայտնելով, որ իրենց զավակների կյանքն ու առողջությունը Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրաբերած այս ծնողներն ընդամենը ձեր ուշադրության պահանջ, մարդկային ջերմ խոսքի, հաղորդակցության ու գութի կարիք ունեն:

Գիտեմ, որ մեր երկրի համար ճակատագրական այս օրերին Դուք խիստ բազմազբաղ եք, բայց կարծում եմ` պետք է ժամանակ գտնեք նաև վիրավոր զինվորներին ու նրանց ծնողներին հիվանդանոցներում այցելելու:

Բացի այդ` ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ գործունեություն է այս օրերին ծավալում «Ռազմական բժիշկների ասոցիացիան», ինչո՞ւ չենք տեսնում նրանց գործը:

 

Լրահոս

Դիտել ավելին