Կարևոր իրադարձություններ

Արդարադատության նախարարությունը կհոգա Սլոյանների տան տանիքի վերակառուցման ծախսերը

11 Ապրիլ, 2016 17:24
Արդարադատության նախարարությունը կհոգա Սլոյանների տան տանիքի վերակառուցման ծախսերը

ՀՀ արդարադատության նախարարությունը` նախարար Արփինե Հովհաննիսյանի գլխավորությամբ, ստանձնել է ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մահացած հերոս Քյարամ Սլոյանի ընտանիքի տան տանիքի վերանորոգումը ֆինանսավորելու պատրաստակամությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Սինջար եզդինե րի ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին:

Խոսելով Արցախում զոհված զինծառայող Քյարամ Սլոյանի ընտանիքի սոցիալական խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ տարվող քայլերի մասին՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահը նշեց.

«Ի սկզբանե կային մի քանի նախաձեռնող խմբեր: Հետագայում մենք միավորվեցինք և առաջարկեցինք ստեղծել մեկ ընդհանուր կորդինացնող խումբ: Քյարամ Սլոյանի ընտանիքին տրվող աջակցության հետ կապված, այս օրերին բավականին խնդիրներ կարողացել ենք լուծել: Հավաքվել է որոշակի գումար: Տեսնելով Քյարամ Սլոյանի ընտանիքին օգնության մասին մեր գրառումը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը իր աջակցությունը հայտնեց հոգալ Սլոյանների ընտանիքի տան տանիքի վերակառուցման ամբողջ ծախսը: Բոլոր այն գումարները, որոնք տարբեր նախաձեռնող խմբերի կողմից հավաքվել են, կուղղվեն Սլոյանների ընտանիքի անունով բացված հաշվեհամարին»:

Բորիս Մուրազին խոսեց ԼՂՀ-ում հակառակորդի կողմից իրականացված բարբարոսական գործողությունների և դրանց միջազգային դատապարտման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին. «Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր զոհերի առջև: Քյարամ Սլոյանի մասին հատկապես ավելի շատ ենք խոսում, քանի որ նրա սպանության հետ կապված, մենք միջազգային հանրությանը ցանկանում ենք ցույց տալ ադրբեջանական բանակի դեմքը:Իրականությունն այն է, ար ադրբեջանական բանակը չի տարբերվում «Իսլամական պետություն»-ից: Ընդհանրապես պատերազմը չարիք է, բայց բոլոր քաղաքակիրթ երկրներն, անգամ երբ պատերազմում են, պատերազմում են ժամանակակից պատերազմի կանոններով և չեն փորձում խաղաղ բնակչությանը, սպանված զինվորին խոշտանգել: Քյարամ Սլոյանի հետ կապված առաջին հրապարակումը եղել է իմ կողմից. մի կողմ դնելով դաժանությունը՝ կարծում եմ պարտավոր էի հրապարակել այդ լուսանկարները: Մենք հասցրեցինք ներբեռնել այդ լուսանկարները, ինչից հետո ադրբեջանական կողմը շատ արագ հեռացրեց դրանք համացանցի իր աղբյուրներից: Այնուհետև տեղադրվեց իմ գրած հոդվածը դեպքի առնչությամբ, որը թարգմանվեց հինգ լեզուներով և միջազգային հանրությունը կարողացավ իրազեկ լինել ադրբեջանական «զինվորականների» վայրագությունների մասին»:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին