Կարևոր իրադարձություններ

Զինվորի հայրը չի գտնում 19-ամյա տղային ոչ մահացածների, ոչ էլ անհայտ կորածների ցուցակի մեջ

11 Ապրիլ, 2016 16:46
Զինվորի հայրը չի գտնում 19-ամյա տղային ոչ մահացածների, ոչ էլ անհայտ կորածների ցուցակի մեջ

Գրառումներին միշտ ուշադիր եմ: Ամեն մի ազնիվ գրառման մեջ քաղաքական լուրջ ուղղորդում կա: Ապրիլի 2-ից հետո իմ հոդվածներում, ինչքան էլ չեմ ուզում, հուզմունքը գերակշռում է ու ահա իմ հարգելի ընթերցողներից մեկը ինձ մեղմիկ զգուշացնում է. Larisa Miskaryan • Աշխատում է «Miskaryan Art»-ում «Հարգելի Հասմիկ, առանց այդ էլ ցավն ու հուզմունքը շատ է, մեզ հիմա ուժ ու ամրություն է պետք․ խնդրանքս է՝ ոգի հաղորդեք ժողովրդին, լացը մեզ միայն թուլացնում է»: Գրառումը կատարել է «Կռան տակին տանում էր շորերը, որ մերը լաց լինի վրեն…» վերտառությամբ հոդվածիս տակ: Համաձայն եմ ընթերցողիս հետ, համաձա՜յն… Միայն թե խնդրում եմ, որ նա ինձ ասի՝ ա՜յ օրինակ ինչպես ներկայացնեմ այս նյութը. Զինվորի հայրը՝ Ղուլի Օզմանյանը, չի գտնում 19-ամյա տղային ոչ մահացածների, որ անհայտ կորածների ցուցակի մեջ: «Տղայիս ընկերները պատմել են, որ տեսել են, թե ինչպես են ազերիները տանում վիրավոր տղայիս: Հույս ունեմ, որ տղաս ողջ է: Դիմում եմ միջազգային կազմակերպություններին և կոչ անում, որ փորձեն զբաղվել այս գործով, քանի որ մենք գիտենք, թե ինչպես են վարվում ազերիները գերիների հետ»/ Politik.am/: Ընդամենը փաստ է: Ոչ մի բառ չեմ ավելացնում: Պարզապես ուզում եմ, որ հոր խոսքը լսելի լինի: Հոր խոսքը լսելի՜ լինի: Բայց ի՞նչ անեմ, որ յուրաքանչյուր ընթերցող, յուրաքանչյուր հայ, ես էլ հետը, զինվորին մեր երեխան ենք համարում ու միասին լացում, հուզվում… Ի՞նչ անեմ Լարիսա ջան: Ցավն ընդհանուր է: Քոնը, իմը, բոլորինը, հայ ժողովրդինը: Դա այն լացը չէ, այն հուզմունքը չէ, որ թուլանանք, դա ոգին ամրապնդող, առաջ մղող լաց ու հուզմունք է… Այդ լացն ու ցավն է, որ նախորդ Արցախյան պատերազմում թուրքերի կողմից գլխատված հոր համար այսօր առաջնագծում կռվում է նրա աղջիկը:

 Նյութի աղբյուրը ` hraparak.am

 

Լրահոս

Դիտել ավելին