Կարևոր իրադարձություններ

«Սրտի չափ փոքր, աշխարհի` չափ մեծ». Տարոն Ղափլանյանի ֆիլմը` Մուշեղ Գալշոյանի մասին

25 Հոկտեմբեր, 2015 13:15
«Սրտի չափ փոքր, աշխարհի` չափ մեծ». Տարոն Ղափլանյանի ֆիլմը` Մուշեղ Գալշոյանի մասին

Ռեժիսոր Տարոն Ղափլանյանի` Մուշեղ Գալշոյանի մասին պատմող վավերագրական ֆիլմը,որի պրեմիերան կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում, կոչվում է` «Սրտի չափ փոքր, աշխարհի`չափ մեծ». վերնագիրը գալշոյանական տողից է:

 

Տարոն Ղափլանյանը Մուշեղ Գալշոյանի մասին ֆիլմը կառուցել է  իր ստեղծագործությունների հիման վրա, ֆիլմը չունի հաղորդավարական տեքստ, սակայն առատ է Մուշեղ Գալշոյան ստեղծագործողի մասին Համո Սահյանի, Հրանտ Մաթևոսյանի, այլ մեծերի «սինխրոններով»:

 

Ֆիլմի սցենարի հեղինակը գրողի դուստրն է` Սիրանույշ Գալշոյանն է, ով թեև 6 տարեկան է եղել հորը կորցնելու ժամանակ, հիշում է հոր դեմքի ամեն մի ակոսը:

 

«Մուշեղ Գալշոյանին նկարագրելու համար նման մեկ ֆիլմը շատ փոքր է և կուզենայի, որ շարունակվեր, ես կշարունակեմ, որովհետև շատ բաներ մնացին»,-  Tert.am–ի հետ զրույցում ասաց ռեժիսորը, որը ֆիլմը նկարելիս էլ հայտնաբերել է տողատակեր, չնայած Գալշոյանին ու ստեղծագործությանը ծանոթ է արդեն 40 տարուց ավելի:

 

«Մարութա սարի ամպերը», «Ձորի Միրո», «Դավոն», «Մամփրե արքան». «Մարութա սարի ամպերը» պատմվածքաշարի համար Մուշեղ Գալշոյանը հետմահու ստացավ  ՀԽՍՀ Պետական մրցանակ: Մուշեղ Գալշոյանի գրականությունը ներծծված է  Սասնա երկրին վերաբերող հուշերով ու տեղեկություններով, սասունցիների հոգեբանությամբ և, իհարկե, ջարդի ու տեղահանության մղձավանջով:

 

Սասունցի արձակագիր Ռոլանդ Շառոյանը Tert.am–ի հետ զրույցում Գալշոյանին բնութագրեց այսպես` երդվյալ հայրենասեր, որ երբեք «դրոշակ չէր սարքում իր հայրենասիրությունը»:

 

Նա գալշոյանական մի շատ բնութագրական պատմություն պատմեց.««Սկվազնյաչոկում» նստած էր, սեղանին մոտեցավ մի երիտասարդ գրող , երկու շամպայն դրեց, անմիջապես հավաքվեցին այլ գրողներ , սասունցիներ Վրեժը Իսրայելյան, Տավրոսը Դաշտենց, Աֆոն… բոլոր սասունցիները խոսում էին բարբառով, էս գրողն ասաց` «կարգին հայերեն խոսեք, ես էլ հասկանամ` ինչ եք խոսում»: Մուշեղը վերցրեց էդ երկու շամպայնը, խոթեց գիրկը, ասաց` վերցրու շամպայնդ ու գնա այստեղից, որովհետև դու ո՛չ գյուղ ունես, ո՛չ քաղաք, ո՛չ էլ բարբառ ունես»:

 

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ով ևս ներկա էր ֆիլմի պրեմիերային, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Մուշեղ Գալշոյանի ու իր սերնդակիցների այդ գրականությունն էր, որ դարձավ արցախյան շարժման մասնակիցների համար շարժիչ ուժ:

 

«Մուշեղ Գալշոյանը և իր սերունդը ստեղծագործել են այնպիսի բարդ ժամանակներում , երբ ազգային թեմաները, ֆիդայական շարժումը, Էրգիրը, կիսաարգելված էին և այդ ժամանակն այդ թեմաներով ստեղծագործելը, իրոք, խիզախել էր, և այսօր մեր սերունդն իր երախտագիտությունն է հայտնում Մուշեղ Գալշոյանին, և իր սերնդակիցներին. որոնք կարողացել են այդ թեմաները բերել գրական օրակարգ, իսկ գրական օրակարգից` հասարակական»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին