Կարևոր իրադարձություններ

Հայ-իրանական երկաթգծի կառուցման քաղաքական կամքը կա. Շիրակ Թորոսյան

25 Հոկտեմբեր, 2015 11:55
Հայ-իրանական երկաթգծի կառուցման քաղաքական կամքը կա. Շիրակ Թորոսյան

 

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը գտնում է, որ հայ-իրանական երկաթուղին տեսական գաղափարից սկսում է արդեն մոտենալ պրակտիկ դաշտի, որը շատ ուրախալի է և  շատ հեռանկարային: Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ բացի Հայաստանից, այդ ծրագրին սկսել է մեծ ուշադրություն դարձնել նաև իրանական կողմը և արդեն մեծ պետությունները՝ ի դեմս Չինաստանի, Ռուսաստանի, որոշակի հետաքրքրություն արտահայտել են այդ նախագծի վերաբերյալ ու նաև ֆինանսավորման ցանկություններ են հայտնել:


«Սա շատ կարևոր է մետաքսի ճանապարհը ուղորդելու տեսանկյունից և արևելք–արևմուտք առևտուրը երկաթուղային ճանապարհով կազմակերպելու:Այնպես չի, որ այդ երկաթուղային ճանապարհը չկա, Իրան-Ադրբեջան երկաթուղային կապ գոյություն ունի, սակայն այստեղ վստահության խնդիր կա, քանի որ Ադրբեջանի հեղհեղուկ, անկանխատեսելի վիճակը, թուրքական քաղաքական ծիրում գտնվելու փաստը, վստահություն չի ներշնչում և արևելքի երկրները չեն կարող միանշանակ վստահել և հենվել այդ հնարավորության վրա: Դրա համար է քննարկվում Հայաստանյան երկաթուղային կապի խնդիրը»,-ասաց նա և նկատեց, որ Հայաստանը տարածաշրջանում վստահություն ներշնչող գործընկեր կարող է լինել շահագրգիռ պետությունների համար:


Ինչ վերաբերում է աբխազական երկաթուղուն, ապա Շիրակ Թորոսյանն ասաց, որ կարծում է, թե աբխազիական երկաթուղու գործարկումը յոթ սարի հետևում չէ և առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: «Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների բավականին տեսանելի կարգավորում է նկատվում, ինչպես նաև այսօր հայ-վրացական հարաբերությունները բավականին կայուն  և  ջերմ են: Այս համատեքստում աբխազիական երկաթուղու գործարկումը լիովին հնարավոր է, մնում է տեսական բնույթի հարցեր քննարկել, թե ինչ կողմեր են բանակցելու, ինչ կարգավիճակ է ունենալու, այս խնդիրներն են մնացել առկախ, մնացած բոլոր խնդիրները՝ և տնտեսական առումով, և քաղաքական կամքի տեսանկյունից, կարծում եմ, որ բավարար չափով առկա է»,-ասաց նա:


Ըստ պատգամավորի՝ եթե մեր տարածաշրջանի այս անկայուն իրավիճակը շարունակվի, ավելի ու ավելի կբարձրանա հայ-իրանական երկաթուղու նախագծի կարևորությունը, նշանակությունը, որովհետև Հայաստանն իր գործելաոճով և միջազգային հարաբերությունների պահվածքով շատ ավելի վստահելի ու հաստատուն գործընկեր է:


«Աբխազիական երկաթուղու վերագործարկումը իմ կարծիքով շատ ավելի շուտ կլինի, որովհետև այն գործող կառույց է, մնում է վերագործարկելու քաղաքական որոշում, իսկ Հայաստան-Իրան երկաթգծի առումով՝ կարծես թե քաղաքական կամքը կա, սակայն հսկայական ֆինանսական ռեսուրսներ և ժամանակ պահանջող խնդիր»,-ասաց նա և ավելացրեց, որ եթե քաղաքական կամքը վերածվի կոնկրետ փաստաթղթի, ապա հստակ ֆինանսավորողներ կհայտնվեն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին