Կարևոր իրադարձություններ

Անհայտ կորած զինծառայողները(լուսանկարներ)

09 Ապրիլ, 2016 17:19
Անհայտ կորած զինծառայողները(լուսանկարներ)

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զինվոր ունեցող ընտանիքներում ապրիլի 2-ից սկսած տագնապով են կարդում սահմանից հաղորդվող ամեն լուրը, հարցնում, հետաքրքրվում, տխրում զոհված զինվորների համար եւ լավ լուրերի հույսով սպասում: Առավել ծանր է այն ընտանիքների վիճակը, որոնց զինվորը գտնվել է հենց թեժ մարտերի կիզակետում, իսկ օրեր շարունակ նրանից ոչ մի տեղեկություն չկա: Զինվորից որեւէ տեղեկություն իմանալու համար հարազատները դիմում են ամենատարբեր ձեւերի եւ տարբեր մարդկանց` սկսած ԼՂՀ եւ ՀՀ ՊՆ, զինկոմիսարիատ, զորամաս, ընկերներ եւ այլն: Այս օրերին իրենց անհայտ կորած զինվորներին գտնելու համար հարազատները հայտարարություններ են տարածում սոցիալական ցանցերում, մասնավորապես` ֆեյսբուքում: Ներկայացնենք սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները անհայտ կորած զինվորների մասին:

«Էս հրեշտակի դեմքով հերոս զինվորս է, Ադամս է, քրոջս որդին, որն արդեն 7 օր է անհայտ կորած է իր մարտական ընկերների հետ...: Հիմա նայեք էս զինվորի աչքերի մեջ ու ասեք` սա նմա՞ն ա մի մարդու, ում կարա պոռնիկ թուրքը գերի վերցնի: Ես վստահ եմ, որ ոչ....Չեմ դադարելու մի վայրկյան հավատալ ,որ հետ ա գալու էս զինվորը իրա ընկերների հետ...Սրանց նման տղերքն անմահ են, հասկանո՞ւմ եք» 

Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղից, 20-ամյա զինծառայող Արման Անդրեասյանի ընտանիքի անդամները նույնպես լուր չունեն նրանից։Արմանի եղբոր կինը՝ Թեհմինեն, տեղեկացրել է, որ նրա հետ վերջին անգամ խոսել են մարտի 30-ին։ Արմանը ծառայում էր Ջաբրայիլում: Թեհմինե Այվազյանն ասաց, որ Արմանի վերաբերյալ փորձել են տեղեկություններ ստանալ տեղական զինկոմիսարիատից, սակայն ապարդյուն: Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում, որտեղ ապրում է Արմանի ընտանիքը, տարբեր լուրեր են տարածված: Ու այսպիսի բազում հայտարարություններ: Եղնիկներում ծառայող Խաչիկ Խաչատրյանից հարազատները արդեն 4 օր լուր չունեն։ Խաչիկի հորաքույրը պատմում է, որ ապրիլի 1-ին զինծառայողը դիրքերից իջել է, զանգել է ընտանիքի անդամներին և ասել, որ գնում է ճաշարան, հաց ուտելու ընթացքում կզանգահարի, բայց դրանից հետո ոչ մի նորություն չունեն Խաչիկից. «Մեզ երեկ այստեղ ասել են` կհետաքրքվենք, կզանգենք`կասենք, բայց ոչ մի բան էլ չեն ասել: Ուզում ենք իմանալ` ծառայության տեղո՞ւմ է, դիրքերո՞ւմ է»: Կոտայքի մարզի Բջնի գյուղից բանակ զորակոչված 18-ամյա Կարեն Ներսիսյանի ընտանիքը արդեն յոթ օր է` որդուց լուր չունի։ 8 ամիս առաջ Լեռնային Ղարաբաղ զորակոչված Կարենը շփման գծում քառօրյա թեժ բախումների առաջին օրը դիրքերում է եղել, ապրիլի 2-ին ընտանիքը փորձել է կապ հաստատել նրա հետ, բայց ապարդյուն։ Հարազատների ունեցած կցկտուր տեղեկություններով՝ լուր չկա նաև Կարենի հետ դիրքեր բարձրացած մյուս զինվորներից։ 

Զինծառայող Ռոբերտ Աբաջյանին հարազատները տեղեկություն չունեին ապրիլի 1-ից այս կողմ: Երիտասարդը ընդամենը 20 տարեկան է, Երեւանից, ծառայում էր Մարտակերտում: Նրա անհայտ կորելու մասին հայտարարություն եւս կար ֆեյսբուքում, սակայն, ավաղ, զինվորի դին հայտնաբերվել է: Ի դեպ, ըստ պաշտոնական տվյալների` ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով հայկական կողմն ունի 21 անհայտ կորած զինծառայող: ՊՆ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի անդամ Ռիմա Առաքելյանը այսօր հայտարարել է, որ 2 անհայտ կորած զինվորի գտել են մահացած, նրանք են`  կրտ. ս-տ Ռոբերտ Ալեքսանդրի Աբաջյանը (ծնվ. 1996թ.) և շարք. Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանը (ծնվ. 1996թ.): Այս պահի դրությամբ հայկական կողմը ունի 19-ը անհայտ կորած: 

 

Լրահոս

Դիտել ավելին