Կարևոր իրադարձություններ

Հարկ է ցանկացած հրադադար ամրապնդել իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով. Սեյրան Օհանյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

08 Ապրիլ, 2016 21:53
Հարկ է ցանկացած հրադադար ամրապնդել իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով. Սեյրան Օհանյանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին և Պիեռ Անդիոյին. տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։


Հանդիպմանը ներկա էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը:


Հանդիպումը նվիրված էր վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ հարձակողական գործողությունների և հնարավոր զարգացումների քննարկմանը:


Զրուցակիցների խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձավ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտական գործողություններին և ձևավորված իրավիճակին: Սեյրան Օհանյանը համանախագահների ուշադրությունը հրավիրեց վերջին օրերին ադրբեջանական կողմի բացահայտ ագրեսիայի հիմնական առանձնահատկությունների վրա, որոնց թվում էին հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց դեմ ադրբեջանական զինուժի գործած ռազմական հանցագործությունները և զինված հակամարտության իրավունքի այլ դրույթների կոպիտ ոտնահարումները:


Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի հերոսական և հմուտ գործողություններն ապահովեցին Ադրբեջանի ռազմական ագրեսիայի լիարժեք դիմադարձումը և հակառակորդի հետագա գործողությունների կանխումը: Ընդգծվեց, որ Հայաստանի Հանրապետությունը, չնայած ճշգրիտ թիրախավորման և նոր բարենպաստ բնագծերի զբաղեցման միջոցով հակառակորդի սանձահարմանը ներգրավվելու պատրաստականությանը, դեռևս շարունակում է ապավինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը: Որպես հակամարտության շուրջ ձևավորված զինված դիմակայության թուլացման նախապայման` պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորեց ցանկացած հրադադար իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրով ամրապնդելու հրամայականը:

 

Լրահոս

Դիտել ավելին