Ամեն օր նորությունների ժապավենում մենք բազմաթիվ վիրուսային լուսանկարներ ենք տեսնում, որոնք տարածվում են համացանցում լույսի արագությամբ: Ինչպես գրում է fishki.net կայքը, դրանցից շատերը դուք հավանաբար տեսել եք և անգամ գուցե հավատացել դրանց։ Մի՛ խաբվեք ամենին, ինչ տեսնում եք համաշխարհային սարդոստայնում, խորհուրդ է տալիս կայքը և հավելում, որ ավելի լավ է միշտ ստուգել այս կամ այն փաստը:
Պարզվում է՝ մարդկանց թիվը, որոնք այդքան հեշտությամբ հավատում են համացանցում հայտնվող ցանկացած տեղեկատվության, բավականին մեծ է, որովհետև այս լուսանկարները ժամանակին մեծ տարածում են գտել համացանցում:
Մինչև հերթական անգամ ցնցող նորությունից ապշելը, համոզվե՛ք, որ դա իրականում ճիշտ է։
1. Թվում է, թե BBC հեռուստաալիքին կարելի է վստահել, բայց պարզվում է՝ հազարավոր, անգամ՝ միլիոնավոր մարդիկ դիտել են Չիլիի Կալբուկո հրաբխի ժայթքման իբր վավերագրական նկարահանումները։ Ավելի ուշ հեռուստաալիքից խոստովանել են, որ կայծակը հատուկ են ավելացրել մոնտաժի ժամանակ, որպեսզի ավելի ազդեցիկ լինի պատկերը: Դա դարձել է հայտնի կորպորացիայի ամենաաղմկոտ սկանդալներից մեկը։
2. Աշխարհի բոլոր կաթոլիկները հեռուստացույցների առաջ ապշել են՝ հավատալով, թե Հռոմի պապը ճարպիկ հնարք է իրականացրել տաճարներից մեկում։ Իրականում ոչ մի հրաշք տեղի չի ունեցել. Հռոմի պապը պարզապես մոտեցել է սեղանին, ծաղիկներ դրել և հեռացել։
3. Հունաստանում տաճարի գեղատեսիլ ավերակների բավականին անորակ ֆեյքը հավանաբար շատ արագ է պատրաստվել: Անզեն աչքով իսկ երևում է, որ սա հռոմեական պանթեոնի և պորտուգալական Ալգար Սեկո քարանձավի լուսանկարների կոլաժն է, մինչդեռ սոցցանցերի շատ ակտիվ օգտատերեր հավատացել են դրան և անգամ Հունաստան ուղևորություններ կազմակերպել՝ այս հիանալի կառույցը սեփական աչքով տեսնելու համար:
4. Սանդրին Գրուդան ֆրանսիացի պրոֆեսիոնալ բասկետբոլուհի է, նրա հասակը 193 սանտիմետր է, իսկ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հասակը՝ 171 սանտիմետր: Օրիգինալում այս տեսարանը քիչ կոնտրաստային է, չնայած միևնույն է՝ զվարճալի է։
5. Այս սևուսպիտակ լուսանկարը գովազդով զբաղվող մասնագետները փորձում էին ներկայացնել որպես 1950-60-ականների լուսանկար հետևյալ գրությամբ. «Ահա, թե ինչպես են փոխվել գեղեցկության չափանիշներն այդ ժամանակներից ի վեր»։ Մինչդեռ, իրականում այս լուսանկարն արվել է 2000-ականներին, իսկ լուսանկարում պատկերված է ամերիկյան մոդել և պոռնոդերասանուհի Արիա Ջովանին:
6. Այս կոլորիտային տղամարդը, որ ծովափին բուրգերներ է ուտում, ժամանակին համացանցի աստղ էր: Համաձայնեք, որ նրա մարմնին իսկապես պակասում էին ֆաստֆուդի հայտնի ռեստորանների լոգոներով այս դաջվածքները։
7. Մեր օրերի «Գերլուսինը Սիեռա-Նևադայի վրա» հայտնի նկարը նույնպես կեղծ է: Իրականում սարերի վրա ոչ մի լուսին չի երևացել, սակայն համացանցում այն և դրա նման այլ շատ լուսանկարներ բազմաթիվ «լայքեր» են ստացել և տարածվել: Համեմատության համար՝ 2015 թվականի սեպտեմբերին արված գերլուսնի իրական լուսանկարը, որն արվել է Մյունխենում։
8. Խորհրդային լողափ. համացանցում տարածում է ստացել նաև այս լուսանկարը, որի վրա պատկերված է ֆուտուրիստական շինություն և մարդկանցով լի լողափ: Իրականում այն ոչ այլ ինչ է, քան Կոպակաբանայի բրազիլական լողափի և Մինսկում Բելառուսի ազգային գրադարանի շենքի լուսանկարների «միավորում»։