Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը խախտել է մարդասիրական բոլոր սկզբունքները. ՄԻՊ-ը ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի ԵԽ-ին, ՄԱԿ-ին

05 Ապրիլ, 2016 21:50
Ադրբեջանը խախտել է մարդասիրական բոլոր սկզբունքները. ՄԻՊ-ը ուսումնասիրությունների արդյունքները կներկայացնի ԵԽ-ին, ՄԱԿ-ին

ՀՀ-ում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Արցախում է: Նա այսօր Արցախում բացված օպերատիվ տեղեկատվական կենտրոնում պատասխանեց լրագրողների հարցերին և նշեց, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն և խախտել ոչ միայն Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած մարդասիրական պարտավորություններն ու միջազգային մարդասիրական իրավունքը, այլ ՄԱԿ-ի՝ ստեղծման օրից մինչև օրս ձևավորած բոլոր սկզբունքները:

«Մինչև Հայաստանից ԼՂՀ ժամանելը, իմ կողմից մանրամասն ուսումնասիրություններ են կատարվել մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, ինչի արդյունքները ներկայացվել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես Եվրոպային Խորհրդին, ՄԱԿ-ին, ոչ կառավարական, բայց վերպետական իրավապաշտպան կազմակերպություններին: Շարունակելու եմ իմ գործունեությունը ու փաստերը ավելի հիմնավոր դարձնելու ու հիմնավոր առաջարկներ ներկայացնելու համար»,-ասաց նա:

Արման Թաթոյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր ՀԿ-ներին, լրագրողներին ու միջազգային կառույցներին, որոնք մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից կարևոր գործունեություն են ծավալել այս օրերին, որը հնարավորություն է տվել քննարկման առարկա դարձնել իրավունքների նման կոպտագույն խախտումները ու դրանք ներկայացնել միջազգային հանրության քննարկմանը ու քաղհասարակությանը:

Հարցին, թե Հաագայի դատարան հայցադիմում ներկայացնելո՞ւ են, ՄԻՊ-ը նշեց, որ իր իրավասության շրջանակում անպայման դիմելու են կոնկրետ ատյաններն, սակայն մինչ այդ առավել մանրամասն ուսումնասիրություններ են իրականացնելու:

 

Լրահոս

Դիտել ավելին