Կարևոր իրադարձություններ

Միգրանտները պետք է հարգեն եվրոպական արժեքները. Պյոտր Սվիտալսկի

05 Ապրիլ, 2016 21:37
Միգրանտները պետք է հարգեն եվրոպական արժեքները. Պյոտր Սվիտալսկի

Եվրոպան միգրանտների ինտեգրման հարցը լավ չի լուծել: Այս մասին «Երիտասարդներն ու միգրացիան՝ մարտահրավերներից հնարավորություններ» խորագրով միջազգային համաժողովին նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Միգրացիայի դեմ հնարավոր չէ պայքարել: Այն համաշխարհային խնդիր է, առկա է նաև Հայաստանում: Ըստ վիճակագրության` ընդհանուր միգրանտների թիվը միլիարդի է հասնում: Մարդիկ միգրացիայի են դիմում ավելի լավ ապրելակերպի, գումարի, աշխատանքի համար: Նույնիսկ հայերն են դիմում միգրացիայի: Իսկ եվրոպայում միգրացիոն հոսքն աճում է, Սիրիայից են գալիս, Հյուսիսային Աֆրիկայից: Սա եվրոպական իրականության մի մասն է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ`նշեց Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանն ընդգծեց, որ միգրացիան աշխարհում խնդիր է: Նա խոսեց անկանոն, օրինական միգրացիաների մասին` ընդգծելով, որ միգրանտներն օթևան գտնելու հետ կապված խնդիր են ունենում: «Միգրանտները պետք է հարգեն եվրոպական արժեքները»,-հավելեց նա:

Համաժողովի կազմակերպիչ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Երիցյան տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցում են տարբեր երկրների մասնակիցներ, փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, միգրանտներ:

«Հավաքել ենք քննարկելու, թե ինչպես կարող ենք երիտասարդ փախստականներին ու միգրանտներին ներառել աշխատանքի և հասարակության մեջ: Գիտենք, որ վերջերս Հայաստան Սիրիայից բավական շատ երիտասարդներ են եկել, փորձում ենք աշխատանքներ տանել իրենց հետ»,- նշեց նա:

Համաժողովի նպատակն էր ներգրավվել երիտասարդներին ու երիտասարդական կազմակերպություններին միգրացիայի ու փախստականների վերաբերյալ հանրային քննարկումներին և դիտարկել միջմշակութային երկխոսության գործիքների կիրառման հնարավորությունները` միգրանտների նկատմամբ առկա անհանդուրժողականության դեմ պայքարելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին