Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը չի կարողանում վճարել ապառիկով վերցրած զենքի փողը. եթե հիմա «չկերակրի» իր ժողովրդին պատերազմով, հետո էլ չի կարողանա կռվի հանել նրան. «Հրապարակ»

05 Ապրիլ, 2016 09:05
Ադրբեջանը չի կարողանում վճարել ապառիկով վերցրած զենքի փողը. եթե հիմա «չկերակրի» իր ժողովրդին պատերազմով, հետո էլ չի կարողանա կռվի հանել նրան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեկ տարի առաջ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ սկսվեց։ Նավթի գնանկման պատճառով գրեթե երկու անգամ կրճատվեցին բյուջեի եկամուտները, եւ քաղաքագետներն սկսեցին խոսել ղարաբաղյան կոնֆլիկտի հնարավոր սրման, շփման գոտում ռազմական գործողությունների ակտիվացման մասին։ Ի՞նչ ազդեցություն ունի նավթի գործոնը ռազմական գործողությունների վերսկսման հարցում։ Որո՞նք էին, ի վերջո, այս մինի-պատերազմի պատճառները, եւ ո՞ւմ էր ձեռնտու այն։ Հարցերին պատասխանեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որը դեռ անցյալ տարի էր կանխատեսել ռազմական գործողությունների սկիզբը՝ ասելով, որ եթե Ադրբեջանը հիմա «չկերակրի» իր ժողովրդին պատերազմով, հետո էլ չի կարողանա կռվի հանել նրան։

– Ի վերջո, ինչո՞ւ Ադրբեջանը սկսեց կրակել, եւ ի՞նչ կապ ունի նավթի գինն այս ամենի հետ։ 

– Ադրբեջանի վարքը պայմանավորված է երեք գործոնով։ Մեկն արտաքին ուժերն են, գլխավորապես՝ Թուրքիան։ Սիրիայի դեպքերից, որոնք ամրապնդեցին Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում, նա իր կշիռը մեծացնելու խնդիր ունի։ Երկրորդը նավթի գների անկման հեռանկարն է։ Արդեն պարզ է, որ առաջիկա 3-4 տարիներին նավթի գները չեն կարող 50-60 դոլարից բարձր լինել։ ԱՄՆ-ն ինովացիոն գործընթացների հետեւանքով ստեղծել է թերթաքարային նավթ, որի ինքնարժեքը 50-60 դոլար է։ Երբ որ նավթի գինը շուկայում բարձրանում է, թերթաքարային նավթ արտադրող ընկերություններն սկսում են արտադրել։ Երբ որ գներն իջնում են՝ դադարում են։ Ադրբեջանը հասկանում է, որ մեկ-երկու տարի անց չի կարողանալու նույն քանակությամբ ռազմական տեխնիկա ձեռք բերել։ Ի դեպ, շատ կարեւոր է, որ այդ տեխնիկայի մի մասն Ադրբեջանն ստացել է Ռուսաստանից ապառիկով՝ հետագայում վճարելու պայմանով։ Նավթի գնի առաջնային անկման ժամանակ նա գումարներ չուներ, որ վճարեր։ Երրորդ գործոնն էլ հանրության սոցիալ-տնտեսական վիճակն է։

– Մենք գիտենք, որ Ադրբեջանն աղքատ երկիր չէ։ Մի՞թե այնտեղ ամեն ինչ այդքան վատ է։

– Վերջին ժամանակաշրջանում Ադրբեջանի ԿԲ-ն մի պահ փորձում էր բավականաչափ ռեզերվներ մսխել, որպեսզի փորձեր մանաթը կայուն պահեր, ինչը չհաջողվեց։ Ի դեպ, պետք է նշել, որ աշխատավարձը սրա հետեւանքով կտրուկ անկում գրանցեց։ Հասարակության մեջ դժգոհություններ էին կուտակվում։ Իսկ ավտորիտար ռեժիմի համար, ինչպիսին է Ադրբեջանում, հայրենասիրությունն ամենահեշտ լուծումն է։ Իհարկե, պետք էր դժգոհություններից, ցույցերից խուսափելու համար այսպիսի քայլ ձեռնարկել։

– Հայաստանի՞ց էլ վատ է Ադրբեջանում վիճակը։ – Հայաստանն այս առումով առավելություն ունի։ Հենց միայն այն, որ մենք գոնե խոսում ենք որոշ թեմաների մասին՝ որոշ դեպքերում իմիտացիոն, որոշ դեպքերում լուծումներ գտնելով, նշանակում է, որ մամուլի, խոսքի ազատության հարցում առաջ ենք։

– Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացման տեմպը մեզ մո՞տ է արագ, թե՞ Ադրբեջանում։

– Մեր տնտեսությունը, իհարկե, էլի հանքահումքային արտադրության գներից է կախված, բայց ավելի փոքր չափով, քան նրանք՝ նավթից։ Պաշտոնական վիճակագրության համեմատությունը ցույց է տալիս, որ 2015 թվականի 9 ամիսներին կենսամակարդակի առումով Ադրբեջանը շատ ավելի մեծ հարված է ստացել՝գնանկման տեմպերի, մանրածախ առեւտուրն այնտեղ ավելի արագ է անկում ապրում, քան մեզ մոտ եւ այլն։ Մի բան էլ․ մենք խոսում ենք կոռուպցիայի մասին, բայց Ադրբեջանը մի քանի անգամ ավելի կոռումպացված է։ Երկրում ստեղծված արդյունքն ավելի անհավասար է բաշխվում, քան Հայաստանում։ Իմ կարծիքով, մենք մի փոքր ավելի երկար կարող էինք այս նույն տեմպով շարունակել, քան Ադրբեջանը։

– Կոնֆլիկտը նաեւ մեր իշխանությանն օգնեց որոշ ժամանակ լռեցնել սոցիալական եւ ներքին քաղաքական դժգոհությունները, այնպես չէ՞։

– Մենք պետք է նայենք, թե ով է նախաձեռնել։ Ակնհայտ է, որ Հայաստանը չունի կոնֆլիկտը լարելու շարժառիթ։ Սահմանադրական փոփոխություններով իշխանության վերարտադրության հարցն արդեն լուծել են։ Ադրբեջանում 2018 թվականին, ինչպես եւ մեզ մոտ, նախագահական ընտրություններ են, բայց այս խնդիրը լուծված չէ»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 

 

Լրահոս

Դիտել ավելին