ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց, որ երեկ գիշերն ու այսօր լուսադեմին ադրբեջանական կողմը, հարձակում գործելով ԼՂՀ պաշտպանական դիրքերի վրա, կիրառել է ծանր հրետանի, տանկեր և ռազմական օդուժ։ Այդ ամենով հանդերձ՝ հակառակորդն ունի զգալի կորուստ, երեք խփված տանկ և երկու ուղղաթիռ։ «Կան զոհեր քաղաքացիական բնակչությունից, փոքր երեխա է զոհվել, արդբեջանական կողմը թիրախավորել է դպրոց, ինչը կոպիտ խախտում է համարվում միջազգային մարդասիրական իրավունքի, ժնևյան կոնվենցիաների, որովհետեւ դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցները չեն կարող լինել լեգիտիմ թիրախ նույնիսկ պատերազմի ժամանակ»,-ասաց նա:
Hraparak.am-ի հարցին, թե արդյոք հակառակորդի կողմից կիրառվե՞լ է «Սմերչ» տեսակի կամ նմանատիպ այլ հզոր ռազմական տեխնիկա, Դավիթ Բաբայանն ասաց․ «Եղել են նաև այդպիսի տեսակի, ասենք՝ գրադ կայանքի համարժեք զինատեսակներ, և առաջին անգամ օգտագործվել է օդուժ։ Այսպիսի բան չէր եղել»։ Նա նաև ասաց, որ մեր կողմից էլ համարժեք զինտեխնիկա է կիրառվել։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Նյութի աղբյուրը ` hraparak.am