Կարևոր իրադարձություններ

Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության դեմ ուղղված թշնամական հարձակումներին. Գարեգին Բ

02 Ապրիլ, 2016 19:04
Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության դեմ ուղղված թշնամական հարձակումներին. Գարեգին Բ

Ապրիլի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես է եկել հայտարարությամբ ապրիլի 1-ից 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների առնչությամբ:


Հայտարարության մեջ ասվում է. «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Ղարաբաղի սահմանի երկայնքով իրականացվող նախահարձակ գործողությունները, ուղղված նաև բնակավայրերի ու խաղաղ բնակչության դեմ:


Մեր աղոթքը և զորակցությունն ենք բերում Լեռնային Ղարաբաղի իշխանություններին ու ժողովրդին, Պաշտպանության բանակի քաջարի հրամանատարներին ու զինվորներին: Հորդորում ենք չնվազող արիությամբ ու աներեր հավատքով դիմակայել Հայրենիքի անկախության և մեր ժողովրդի անվտանգության դեմ ուղղված թշնամական հարձակումներին:


Ադրբեջանի շարունակական սադրանքներն ու ռազմական գործողությունները խաթարում են կայունությունը տարածաշրջանում և ի չիք դարձնում հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:


Կոչ ենք ուղղում միջազգային հանրությանը, ի մասնավորի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված երկրներին` կասեցնելու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի չդադարող ոտնձգությունները:


Աղոթում ենք, որ Տերը երկնքի լուսեղեն հարկերում հանգստություն պարգևի զոհվածների հոգիներին, մխիթարություն` հարազատներին, շուտափույթ ապաքինում` վիրավորներին:


Թող Աստված զորակից ու պահապան լինի խաղաղության պաշտպան Հայոց Բանակին»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին