Կարևոր իրադարձություններ

Բարեգործական առաքելությամբ Նոյեմբերյանի ԲԿ-ում էին «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 16:30
Բարեգործական առաքելությամբ Նոյեմբերյանի ԲԿ-ում էին «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մասնագետները (լուսանկարներ)

Հոկտեմբերի 18-ից Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում իրենց բարեգործական առաքելությունն են իրականացնում ԱՄՆ-ի «Գլենդեյլ Ադվենտիստ» բժշկական կենտրոնի շուրջ չորս տասնյակ մասնագետներ: Պատվիրակության կազմում ընդգրկված են մանկաբույժներ, անեսթեզիոլոգներ, սրտաբաններ, նեղ մասնագիտացում ունեցող հայ և օտարազգի այլ բժիշկներ: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ կայքը: Նախաձեռնության հեղինակներն են ՀՀ առողջապահության նախարարությունը և «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Ամերիկացի մասնագետները Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում իրականացնում են լայնածավալ ախտորոշիչ հետազոտություններ, համայցեր և վիրահատություններ: Չնայած աշխատանքի գերծանրաբեռնվածությանը և այցելուների մեծ հոսքին, նրանք մեծ սիրով ու պատրաստակամությամբ են սպասարկում սահմանամերձ համայնքի բնակչությանը: Ինչպես տեղեկացնում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի բուժգծով տեղակալ Աղասի Մահտեսյանը, այսօր ծրագրի իրականացման վերջին օրն է, և արդեն նյարդաբանի, սրտաբանի, թոքաբանի ու մանկաբույժի ավելի քան 600 ամբուլատոր-թերապևտիկ խորհրդատվություն ու հետազոտություն է իրականացվել կենտրոնում: Տրամադրվել է նաև անհրաժեշտ դեղորայք, կատարվել է 35 տարբեր վիրահատություն: Ամերիկացի բժիշկները որպես նվեր կենտրոնի համար իրենց հետ բերել են նաև մեծ քանակությամբ բժշկական սարքավորումներ, այդ թվում` անեսթեզիոլոգիական սարքեր, ինչպես նաև ժամանակակից հագեցվածությամբ երկու շտապօգնության մեքենա: Աղասի Մահտեսյանի փոխանցմամբ արդեն 6 ամիս է, ինչ համագործակցում են «Գլենդեյլ Ադվենտիստի» հետ, և համագործակցությունը տարբեր ուղղություններով կշարունակվի ևս 5 տարի. կլինեն վերապատրաստումներ, դեղորայքի տրամադրում, վիրահատություններ:

 

Լրահոս

Դիտել ավելին