Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով. ԵԽ պատգամավոր

22 Հունվար, 2025 14:15
Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով. ԵԽ պատգամավոր

Հայաստանը կանգնած է բարդ ու լուրջ մարտահրավերների առջև, որոնք վտանգում են նրա անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ժողովրդավարական արժեքները։ Այս պայմաններում Եվրոպան պարտավոր է գործել՝ աջակցելով Հայաստանի ժողովրդին այս կարևոր պահին՝ ամրապնդելով նրա կապերը Եվրոպայի հետ և պաշտպանելով նրա իրավունքներն ու անվտանգությունը։  

Այս մասին Բրյուսելում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Գզավիյե Բելյամին։ 

-Պարոն Բելյամի, Ալիևի վերջին հայտարարությունները, որոնք ուղղակիորեն թիրախավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքում գործող ԵՄ դիտորդական առաքելության անդամներին, ըստ էության, սպառնալիք են՝ ուղղված ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրի։ Եվրոպական հանձնաժողովի արձագանքն այս հասցեավորված սպառնալիքներին եղավ կողմերին բարի կամքով բանակցելու ու սուր հռետորաբանությունից խուսափելու կոչը։ Ինչո՞ւ ԵՄ-ն ի զորու չէ անգամ իրեն հասցեագրված սպառնալիքներին ըստ արժանվույն պատասխանել։  

-Ցավոք, Եվրոպական հանձնաժողովը երկար ժամանակ է, ինչ չի ցանկանում անհրաժեշտ վճռականությամբ արձագանքել Ադրբեջանի վարքագծին։ Իսկ Եվրոպական խորհրդարանը, հակառակը, շատ ավելի հստակ ու վճռական է եղել՝ այդ թվում COP 29-ի մեկնարկից ընդամենը մի քանի շաբաթ առաջ՝ ընդունելով մի բանաձև, որը մեծամասնության կողմից հաստատվել էր և դատապարտում էր այդ սպառնալիքները։ Մենք պահանջում ենք արագ և պարզ պատասխան քայլեր, հատկապես Ադրբեջանի դիվանագիտության նկատմամբ։

Հավանաբար, հիշում եք, որ նույն համատեքստում Բրյուսելում Ադրբեջանի դեսպանը ուղղակիորեն սպառնացել էր խորհրդարանի այն պատգամավորներին, որոնք այցելել էին սահման՝ դիտարկելու Հայաստանի Հանրապետության տարածքում գործող եվրոպական առաքելության գործունեությունը։ Դրա համար նրանք արժանացան դեսպանի կողմից հրապարակված դիպուկահարի նկարի, որը ենթադրվում է, թե պետք է ներկայացներ իր երկիրը եվրոպական հաստատություններում՝ ցույց տալով, որ սա այն է, ինչին կարող են ենթարկվել բոլոր այն պատգամավորները, որոնք կրկին կմասնակցեն նման առաքելություններին։ 

Արդյոք ակնհա՞յտ չէ այսօրվա Ադրբեջանի և հատկապես պարոն Ալիևի հռետորաբանությունը, որն, ի դեպ, մեզ չի վախեցնում։ Մեզ համար վճռորոշ հարցն այժմ այն է, որ Եվրոպական հանձնաժողովը վերջապես գործի։ Եվ առաջին պատճառը, թե ինչու է Հանձնաժողովի վարքագիծն այդքան պասիվ, միգուցե, Բաքվի ռեժիմի հետ ստորագրված սկանդալային գազային պայմանագրի չեղարկումից խուսափելն է։ Եթե Հանձնաժողովն այսքան լուռ է, ապա դա, հավանաբար, այն պատճառով է, որ վախենում է շատ հստակ արձագանքելուց, քանի որ իրեն կախված է զգում այդ գազային պայմանագրից, ինչը բացարձակ պատրանք է։

Ադրբեջանն ավելի շատ է կախված Եվրոպայից, քան Եվրոպան Ադրբեջանից։

-Արդյոք Խորհրդարանի և Հանձնաժողովի միջև առկա այս բաժանումը հիմնականում պայմանավորվա՞ծ է էներգետիկ կարիքներով։ Քանի որ Ձեր նշած բանաձևը ոչ առաջինն է և ոչ էլ վերջինը։ Վերջին շրջանում եղել է առնվազն մեկ տասնյակ հստակ բանաձև՝ դատապարտող և գործելու կոչ անող։ Ինչպե՞ս եք բացատրում, որ խորհրդարանի պահանջները Հանձնաժողովի կողմից կյանքի չեն կոչվում։ 

-Ցավոք, հատկապես այս հարցում մենք ակնհայտորեն կանգնած ենք մեծ խնդիրների առջև, որոնք, օրինակ, չեն առաջանում, երբ խոսքը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դատապարտելու մասին է։ Այդ դեպքում, կարծում եմ, որ Հանձնաժողովը գործում է խորհրդարանի հետ համահունչ՝ պատժամիջոցներ կիրառելու հարցում։ 

Ինչո՞ւ ենք թույլ տալիս պարոն Ալիևին կիրառել բռնություն՝ իր շահերը հայ ժողովրդի դեմ առաջ տանելու համար այն դեպքում, երբ շատ արդարացիորեն դա մերժում ենք պարոն Պուտինի և ուկրաինական ժողովրդի պարագայում։

Կարծում եմ, որ Հանձնաժողովը վերջապես պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից այստեղ նույն հարցն է՝ միջազգային իրավունքի պահպանումը և Եվրոպայի վստահելիությունը, երբ նա պետք է աջակցի հարձակման ենթարկված ժողովրդավարություններին։
Կարծում եմ՝ Հայաստանը նույնպես հարձակման է ենթարկվում այսօր, քանի որ այն ժողովրդավարություն է և կապված է Եվրոպական միության հետ իր ընդհանուր քաղաքակրթական ժառանգությամբ։ Սա ոչ միայն վստահելիության, այլ նաև անվտանգության խնդիր է Եվրոպայի համար։   

-Դուք Եվրոպական խորհրդարանի ամենամեծ խմբակցության փոխնախագահն եք։ Այս հարցը ձեր խմբակցության օրակարգում տեղ գտե՞լ է արդյոք։ Եթե այո, ապա ի՞նչ գործնական միջոցներ եք Դուք առաջարկում ձեռնարկվել Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար։

-Պետք է որոշակի հետհայացքով մոտենանք հարցին։ Գուցե, Հանձնաժողովի անգործությունը հուսահատեցնող է, բայց ես հավատում եմ, որ եթե շարունակենք աշխատել, ի վերջո կհասնենք փոփոխությունների, ինչպես արդեն փոփոխություններ տեսանք Եվրոպական խորհրդարանում։ 2020 թվականին, երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, խորհրդարանում շատ քիչ մարդ էր մտահոգվում Հայաստանի իրավիճակով։ Մենք իսկապես մի քանիսով էինք, իսկ Ադրբեջանը շատ լավ կազմակերպված և հզոր լոբբինգ ուներ։ Հիշում եմ այն մարդկանց հեգնանքը, որոնք այդ ժամանակ պաշտպանում էին Ադրբեջանի տեսակետը։ Այսօր մեր աշխատանքի շնորհիվ և մեր հայ ընկերների շնորհիվ, որոնք այդ տարիներին տոկուն գտնվեցին, ինչպես նաև, կարծում եմ, մեր ամենօրյա ներգրավվածության շնորհիվ, իրավիճակը փոխվել է։ Այժմ փոքրամասնություն են նրանք, որոնք դեռ համարձակվում են աջակցել Ադրբեջանին, և դա էլ մեծ դժվարությամբ՝ առանց հպարտանալու, որովհետև նրանք հասկանում են, որ այս ճակատամարտն արդեն կորցրել են։

Հաջորդ քայլը Հանձնաժողովն է։ Մենք ցանկանում ենք գազային պայմանագրի չեղարկում։ Ես առաջինն էի, որ այս հարցը բարձրացրեցի Եվրոպական խորհրդարանում, և իմ առաջարկներն ընդունվեցին արդեն երկու տարի առաջ։ Այդ ժամանակ առաջին անգամ խորհրդարանը քվեարկել էր՝ շեշտելով Ալիևի և նրա ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտությունը։ Կարծում եմ՝ սա կենսական պայման է, ոչ միայն Հայաստանի պաշտպանությունն ապահովելու համար, որը ներկայում ուղղակի սպառնալիքի տակ է, այլև Ադրբեջանի ժողովրդին պաշտպանելու համար, որն ուղղակիորեն տուժում է այս բռնապետական ռեժիմից։  

Մենք տարվա սկզբում ենք։ Իհարկե, ինքներս մեզ մաղթում ենք լավագույնը, գոնե այդ հույսն ունենք։ Ոչ ոք չէր պատկերացնի, օրինակ, որ Բաշար ալ-Ասադի ռեժիմը փլուզվելու է։ Մենք տեսնում ենք, որ երբ մի ռեժիմ իր սահմաններից ներս թաղվում է սեփական ժողովրդի նկատմամբ բռնությունների և իր հարևաններին ճնշելու նպատակով սահմաններից դուրս բռնությունների մեջ, այդ ռեժիմը՝ նույնիսկ մեծ գումարներով և կոռուպցիայով, ի վերջո փլուզվում է։ Ես հավատում եմ, որ այսօր մեր պարտականությունը, Եվրոպական միության պարտականությունը պետք է լինի ոչ թե Ալիևի ռեժիմի հետ պայմանավորվելը, այլ այնպես աշխատելը, որ այս ռեժիմը, որը բացահայտորեն ճնշում է հիմնարար իրավունքները թե՛ իր տարածքում, թե՛ դրանից դուրս, թուլանա, մեկուսացվի և ի վերջո վերանա։  

-Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու օրինագծին։ Օրենքի նախագիծը շուտով Հայաստանի ԱԺ օրակարգում լինի։ Որքանով եք Դուք իրատեսական համարում ԵՄ-ի դրական դիրքորոշումը Հայաստանի անդամակցության կամ ավելի ճիշտ թեկնածության վերաբերյալ։ 

-Նախևառաջ, ես ուզում եմ ընդգծել այս քաղաքական ընտրության հանդեպ հայ ժողովրդի դրսևորած խիզախությունը։ 2020 թվականին, երբ խոսում էի Հայաստանի մասին, ինձ միշտ պատասխանում էին, որ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի ճամբարում, և, հետևաբար, որևէ կապի հույս աշխարհի արևմտյան մասի հետ չկար։ Այսօր մենք տեսնում ենք այս առումով ամբողջովին նոր մի ընտրություն, որի կարևորությունը պետք է ընդգծել։ Երկար տարիներ ես քննարկում եմ այս հարցը հայերի, քաղաքական գործիչների, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Երկու տարի առաջ հնարավորություն ունեցա Բրյուսելում ընդունելու մի խումբ մտավորականների, տնտեսական ոլորտի գործիչների և լրագրողների՝ Հայաստանի եվրոպական ճանապարհը քննարկելու համար։ 

Ամենայն հարգանքով, որ տածում եմ հայ ժողովրդի հանդեպ, անհրաժեշտ է հարցերին մոտենալ անկեղծությամբ։ Առաջին բանը, որ պետք է ասել հայերին, այն է, որ այսօր Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել։ Շատ երկար ժամանակ նոր ընդլայնում տեղի չի ունեցել։ Տարիների ընթացքում թեկնածու երկրները մնացել են անավարտ գործընթացի մեջ։ Ընդլայնման այս գործընթացը, իմ կարծիքով, կառուցվածքային առումով ունի բազմաթիվ թերություններ։ Եվրոպացիների կողմից, օրինակ, շատ ակնհայտ խնդիր է այն, որ Թուրքիան այսօր դեռևս թեկնածու է անդամակցելու համար։ Սա ցույց է տալիս, որ այս գործընթացը դարձել է տեխնոկրատական, արհեստական և այլևս չի արտացոլում այն դինամիկան, որը Եվրոպան պետք է վերականգնի իր վարկանիշը բարձրացնելու համար։ Տարիներ շարունակ ես պահանջում էի, մենք պահանջում էինք դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները։ 

Ես հիշում եմ, որ 2020 թվականին, երբ Թուրքիան ուղղակիորեն ներգրավված էր 44-օրյա պատերազմում, զուգահեռաբար տեղի էին ունենում Թուրքիայի և Եվրոպական միության միջև անդամակցության հարցով պարբերական հանդիպումներ։ Սա ինձ խորապես զայրացնում էր, երբ տեսնում էի նման հակասություն։ Ընդլայնումը կանգ է առել, և ինքը Եվրոպան այսօր ներքին խոցելիություններով լի է։ Հետևաբար, այն դիրքորոշումը, որը ես պաշտպանում եմ իմ քաղաքական ընտանիքի հետ Ֆրանսիայում, հետևյալն է. Ինձ թվում է, որ Եվրոպայի համար այսօր ամենակարևորն առաջին հերթին ինքն իրեն բարեփոխելն է, քան ընդլայնվելը։ 

Մենք արդեն դժվարությամբ ենք որոշումներ ընդունում հիմնական հարցերի շուրջ և չենք գտնում արագ գործելու ընթացակարգեր։ Դա տեսնում ենք ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մարտահրավերների համատեքստում։ Ֆրանսիայում ես պաշտպանում եմ այն գաղափարը, որ ընդլայնումը չպետք է շարունակվի՝ առնվազն ներկա պայմաններում և սահմաններում։ Այդ պատճառով ես կցանկանայի ասել իմ հայ ընկերներին, որ, չնայած ես գնահատում եմ այս թեկնածության կարևորությունը՝ ես չեմ ցանկանա, որ մենք հայտնվենք նույն իրավիճակում, ինչ այլ երկրներ, որոնք երկար տարիներ շրջում են անընդհատ բանակցությունների լաբիրինթոսում, ինչը ծնում է արդարացի հիասթափություն։ 

Սակայն ասել, որ ընդլայնումը մոտ ապագայում չէ, չի նշանակում, որ ոչինչ հնարավոր չէ անել։ Ընդհակառակը, ընդլայնումը սիմվոլիկ հեռանկար է, բայց մենք պետք է կենտրոնանանք գործնական քայլերի վրա։ Իսկ գործնականում անելիքներ շատ կան։ Ես մտածում եմ, օրինակ, մի քանի հստակ թեմաների մասին։

Առաջին թեման, որի շուրջ մենք արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել, Հայաստանը դուրս բերելն է Եվրոպական միության ավիացիոն ոլորտի սև ցուցակից։ Եվրոպական միությունը Հայաստանը դասել էր իր ավիացիոն անվտանգության ստանդարտներին չհամապատասխանողների շարքին, ինչը մեծ խնդիր էր։ Հիշում եմ, երբ առաջին անգամ այցելեցի Հայաստան, երիտասարդ գործարարները ինձ բացատրում էին, թե որքանով է այս իրավիճակը դժվարացնում և թանկացնում արտահանումը Եվրոպական միություն։ Այսօր նոր տնտեսական հնարավորություններ են բացվում, և անհրաժեշտ է շարունակել աշխատել նման գործնական հարցերի շուրջ։ 

Երկրորդ կետը վիզաների ազատականացումն է։ Այժմ մենք վստահության և ամուր համագործակցության հարաբերություններ ունենք Հայաստանի հետ անվտանգության ոլորտում։ Վերջերս Երևանի օդանավակայանում տեղի ունեցած դեպքերը ցույց են տալիս, որ մեր անվտանգության ուժերը կարող են արդյունավետ համագործակցել։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր քայլ է մեր երկրների մերձեցման համար։ 

Առևտրային տեսանկյունից մենք ունենք հնարավորություն տեսնելու Հայաստանում բացառիկ աճ, ինչպես նաև անհավանականորեն հմուտ սերունդ՝ հատկապես թվային ոլորտում։ Այս կետերը հսկայական հնարավորություններ են առաջարկում համագործակցության համար։ Այս ոլորտներում միասին աշխատելը կարող է նաև ուժեղացնել ընդհանուր անվտանգությունը, քանի որ, եթե բազմաթիվ եվրոպական ընկերություններ տեղակայվեն Հայաստանում, դա լրացուցիչ զսպող ազդեցություն կունենա ապագա հնարավոր հարձակումների վրա։ 

Անվտանգության հարցը մնում է առանցքային։ Երկու հիմնական թեմա կարիք ունեն մեր ուշադրության։ Նախ՝ եվրոպական առաքելության պահպանությունը։ Այս առաքելությունը, չնայած բազմաթիվ հարձակումների թիրախ է դարձել, ապացուցում է իր օգտակարությունը, և դրա գործունեության ժամկետը պետք է անպայման երկարաձգվի։ Այնուհետև անհրաժեշտ է ուժեղացնել Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով աջակցման գործիքը՝ հատկապես զինամթերք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ և պաշտպանական գործիքներ տրամադրելով Հայաստանի զինված ուժերին։ Սա կուժեղացնի երկրի անվտանգությունը և կարտացոլի Եվրոպայի կարևոր աշխարհաքաղաքական ընտրությունը։ 

Այսպիսով, ընդլայնումը մնում է կարևոր սիմվոլիկ հեռանկար։ Բայց մենք չպետք է մեր բոլոր հույսերը կենտրոնացնենք այս թեմայի վրա։ Ամենակարևորն այն է, ինչ կարող ենք անել հենց հիմա՝ գործնական և շոշափելի կերպով Հայաստանի և Եվրոպայի միջև կապերն ամրապնդելու համար։

 

Լրահոս

Դիտել ավելին