ԱՄՆ 22 նահանգ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային հայց է ներկայացրել Մասաչուսեթսի դատարան՝ պահանջելով չեղարկել ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրման դադարեցումը:
Այս մասին հայտնում է abcnews.go.com-ը:
Թրամփը նախագահ դառնալուց ժամեր հետո ստորագրել է հրաման, որը դաշնային կառավարությանը հանձնարարում է դադարեցնել անձնագրեր, քաղաքացիության վկայականներ և այլ փաստաթղթեր տրամադրել ԱՄՆ-ում ծնված երեխաներին, որոնց ծնողներն անօրինական կերպով գտնվում են երկրում:
Նա նշել էր, որ ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումն անհեթեթ է, և որ ԱՄՆ-ն աշխարհում միակ երկիրն է, որ այդպես է վարվում։
22 նահանգների գլխավոր դատախազների հայցում նշվում է, որ Թրամփի՝ ծննդյան իրավունքով քաղաքացիությունից զրկելու հրամանագիրը «կոպիտ անօրինական փորձ է՝ հարյուր հազարավոր ամերիկաբնակ երեխաներին զրկելու քաղաքացիությունից՝ ելնելով նրանց ծագումից»:
Հայցը Թրամփին մեղադրում է «արդեն կայացած և երկարամյա սահմանադրական սկզբունքը» վերացնելու փորձի համար:
«Նախագահն իրավասություն չունի վերաշարադրելու կամ չեղյալ համարելու սահմանադրական փոփոխությունը կամ պատշաճ կերպով ընդունված կանոնադրությունը: Նա ոչ էլ իրավասու է օրենքի որևէ այլ աղբյուրով սահմանափակելու, թե ով ստանում է Միացյալ Նահանգների քաղաքացիություն ծննդյան պահին», - ասվում է հայցի մեջ: