ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ու Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը։
Արփինե Սարգսյանն ընդգծել է ՄԱԿ-ի գրասենյակների հետ ՆԳ նախարարության լայնածավալ համագործակցությունը, որն ընդգրկում է նախարարության մանդատի շրջանակում առկա գործառույթները։
Նախարարի խոսքով՝ փոխգործակցությունն ընդլայնվելու միտում ունի՝ հաշվի առնելով վերջերս մեկնարկած ՆԳ նախարարության մարդկային կապիտալի զարգացմանը միտված նոր ծրագիրը։
Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը՝ ընդգծելով հատկապես Փրկարար ծառայության հետ ակտիվ փոխգործակցությունը։
Քննարկվել են համագործակցության ուղղությունների ընդլայնման հեռանկարները, ներառյալ` մարդու իրավունքների պաշտպանության, հատկապես երեխաների իրավունքների ապահովման, Փրկարար ծառայությանը տեխնիկական աջակցություն տրամադրելու հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխություններին, հանցավորության դեմ պայքարին, նախարարության ենթակա ծառայություններում կանանց ներգրավվածության խթանմանը։
Կողմերն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ ուղղված համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։