Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը

20 Հունվար, 2025 18:38
Փաշինյանը հանձնարարել է վերջնական տեսքի բերել կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը:

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախագծի հիմնական դրույթներին, առավելություններին, ոլորտում առկա ռիսկերին, կարգավորման սկզբունքներին, կարգավորվող ծառայությունների տեսակներին:

Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է՝ նորարարությունները չզսպելով զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը: Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը, մասնավորապես, Եվրոպական միության: Ըստ հեղինակների՝ նախագծի կարգավորման շրջանակը ներառելու է կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը, ծառայությունները և առևտուրը:

Խորհրդակցության մասնակիցները կարևորել են կրիպտոակտիվների վաճառքի պարագայում անհրաժեշտ տեղեկատվության բացահայտումը, իսկ ծառայությունների մատուցման համար պարտադիր է համարվելու «մուտքի թույլտվությունը»:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտի կարգավորումը և հանձնարարել ևս մեկ քննարկման արդյունքում վերջնական տեսքի բերել օրենքի նախագիծն ու այն ներկայացնել Կառավարության հաստատմանը: Վարչապետն ընդգծել է, որ ըստ անհրաժեշտության հետագայում ևս օրենքը շարունակական կերպով կլավարկվի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին