Հունվարի 11-ին գողության դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, անհայտ անձը կամ անձինք կեսօրին մտել են Ճամբարակ խոշորացված համայնքի Այգուտ բնակավայրի 4-րդ փողոցի տներից մեկը։
Տունը տակնուվրա է արվել, հափշտակվել են ոսկյա զարդեր, գումար ու անգամ զոհված զինծառայողի տան հիշատակի անկյունում եղած իրերը։
Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները, դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Տունը պատկանում է 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություն կատարած հակառակորդին Ջերմուկի դիրքերում հետ մղելու ժամանակ զոհված 54-ամյա Արմեն Գասպարյանին։