ՀՀ կառավարության` հունվարի 9-ի նիստում ընդունվել է «Թանգարանների հավատարմագրման կարգն ու չափորոշիչները հաստատելու մասին» որոշումը:
Թանգարանների հավատարմագրման գործընթացի կազմակերպումը թանգարանների գործունեության կանոնակարգման, բնագավառում միասնական չափորոշիչների կիրառման առաջնային քայլերից է։
Համաձայն որոշման՝ թանգարանների հավատարմագրումը կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից՝ «Թանգարանների մասին» օրենքին և սույն կարգի պահանջներին համապատասխան։ Հավատարմագրման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով կստեղծվի թանգարանների հավատարմագրման մասնագիտական հանձնաժողով, որի աշխատակարգն ու անհատական կազմը կհաստատվեն առաջիկայում։
Համաձայն ընթացակարգի՝ թանգարանների կարգավիճակը հավաստվում է վկայականով և հավատարմագրման գրանցամատյանում գրանցումով:
Հավատարմագրումը հնարավորություն կտա գնահատելու թանգարանների հավակնություններն ու գործունեության որակը, ինչպես նաև կնպաստի նշված կառույցների` միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը՝ միաժամանակ համադրելի դարձնելով ազգային չափանիշները միջազգային պահանջներին։
ՀՀ կառավարության որոշմամբ կխթանվեն թանգարանի աշխատանքների մասնագիտական մակարդակի բարձրացումը, հավաքածուների պահպանման պայմանների և այցելուներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը։
Ակնկալվում է, որ հավատարմագրման գործընթացի ներդրման արդյունքում կմեծանա հանրության շրջանում թանգարանների վարկանիշը: