Սրբուհի Հովհաննիսյանը Վայոց ձորի Խնձորուտ գյուղում է ապրում։ Մասնագիտությամբ մանկավարժ է, բայց նաև զբաղվում է չրագործությամբ։
Ծիրան, դեղձ, սալոր, խնձոր, տանձ, կեռաս ու անգամ ընկույզի չիր․ Սրբուհու չրերի տեսականին մեծ է, իսկ վերջինը՝ ընկույզինը, յուրահատուկ ու արդեն պահանջված նորույթ է։
Գարնանը, իմանալով «Իմ Քայլը» հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին, որոշել է դիմել աջակցության ծրագրին և չի սխալվել. հայտնվել է լավագույն 42-ի շարքում։ «Իմ Քայլը» հիմնադրամից ստանալով 1մլն դրամ դրամաշնորհ՝ Սրբուհի Հովհաննիսյանը ձեռք է բերել սառնարան, սառցարան, պահարաններ, տարաներ, տեսախցիկ, հակահրդեհային համակարգ և արտադրամասը դարձրել է լիարժեք։
Սրբուհին աջակցության ծրագրերը կարևոր է համարում, ասում է՝ դա մեկ քայլ առաջ գնալու հիանալի հնարավորություն է։
««Իմ Քայլը» հիմնադրամի շնորհիվ ես կարողացա ավելի մեծ նպատակներ իրականություն դարձնել, այն, ինչ ես պետք է անեի մի քանի տարիների ընթացքում, կարողացա անել մի քանի ամսվա ընթացքում։ 1 մլն դրամը սկսնակ գործարարի համար բավականին մեծ աջակցություն է»,- ընդգծում է Սրբուհի Հովհաննիսյանը։
Չրագործը մտադրված է առաջիկայում ընդլայնել թե՛ արտադրության ծավալները, թե՛ արտադրատեսակները։ Մյուս տարի նաև աշխատակիցներ կընդունի, միայնակ արդեն չի հասցնում։ Հպարտանում է, որ գյուղում, հատկապես երբ այն սահմանամերձ է, աշխատատեղ է հիմնում, քանի որ ստեղծված յուրաքանչյուր նոր աշխատատեղ մի նոր ընտանիքի համար կայունանալու և գյուղում մնալու հնարավորություն է։