Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը

16 Դեկտեմբեր, 2024 17:19
Քննարկվել է հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հունաստանի Հանրապետության մշակույթի նախարար Ստիլիանի (Լինա) Մենդոնիի գլխավորած պատվիրակությանը: 

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է պատվիրակությանը՝ ի դեմս   նախարար Ստիլիանի Մենդոնիի՝ կարևորելով Հայաստան-Հունաստան համագործակցությունը մշակույթի ոլորտում: 

«Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական հարաբերություններն ունեն պատմական ակունքներ, և մենք պատրաստակամ ենք խորացնել կապերը հատկապես մշակույթի ոլորտում՝ համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ վստահություն հայտնելով, որ նախարարի այցը կնպաստի Հայաստանի և Հունաստանի միջև փոխհամագործակցության զարգացմանը և նոր նախաձեռնությունների իրագործմանը: 

Հունաստանի մշակույթի նախարարը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ հույս հայտնելով, որ առաջին այցը Հայաստան կլինի առավելագույնս արդյունավետ երկու պետությունների մշակութային փոխառնչությունների համատեքստում:

Հանդիպմանը կողմերը քննարկել են համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ Սալոնիկի տոնավաճառին Հայաստանի մասնակցության հնարավորությունը, հայ և հույն կինոգործիչների՝ երկու երկրների կինոփառատոներին մասնակցությունը և այլն: Նախարարները, մասնավորապես, կարևորել են միջթանգարանային համագործակցության կայացումը երկու պետությունների համար՝ քննարկելով ինչպես  Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի Ակրոպոլիսի թանգարանի միջև համագործակցության հաստատումն ու հելլենիստական ​​մշակույթին նվիրված ցուցահանդեսի կազմակերպումը, այնպես էլ Հայաստանում Հին Հունաստանի վերաբերյալ ցուցահանդես կազմակերպելու հնարավորությունը: 

Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխանակման ծրագրերի իրականացման, մշակույթի օրերի կազմակերպման, մշակույթի կառավարման ոլորտում փորձի փոխանակման, ցուցահանդեսների կազմակերպման, ինչպես ֆիլմերի համատեղ արտադրության, կինոփառատոների անցկացման, մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հայտերի պատրաստման բնագավառում փորձի փոխանակման վերաբերյալ հարցեր:

Հունաստանի մշակույթի նախարարը ժամանել է Երևան Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով: Այն իրականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգմամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին