Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով սահմանված՝ մասնավոր մեղադրանքով վարույթը իրավասու դատավորների կողմից կիրառելու պահանջի իրացման նպատակով՝ ՀՀ կառավարությունն իր 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1551-Ա որոշմամբ հավանություն է տվել ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 26.01.2024թ. առաջարկությանը:
Արդյունքում՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների համաձայն, Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմերն ավելացվել են համապատասխան քանակով, ինչը հնարավորություն է ընձեռում ապահովել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերի դատական կարգով պատշաճ քննությունը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան դատարանների դատավորների թվակազմի ավելացման արդյունքում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Հանրապետության նախագահին առաջարկված դատավորների թեկնածուները սույն թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ ստանձնել են համապատասխան դատարանների դատավորի պաշտոնը, տեղեկացվում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթի կապակցությամբ քրեական հայցերը՝ սույն թվականի դեկտեմբերի 17-ից կարող են ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական և բոլոր մարզային դատարաններ: