«Հրապարակ» թերթը գրում է.
«Հովիկ Աղազարյանի փաստաբանը նախօրեին դիմել էր դատախազություն` պարզելու, թե ինչպես են պատգամավորի անձնական տվյալները հայտնվել երրորդ անձի՝ վարչապետի մոտ: Դրանից առաջ գրություններ էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե, ԱԱԾ, պարզաբանում պահանջելով՝ երբ, ինչու եւ ում է տրամադրվել Աղազարյանի հեռախոսը, քննչական գործողությունների ընթացքում ձեռք բերված՝ մասնավոր կյանքին վերաբերող գաղտնի տեղեկություններն ինչու եւ ինչպես են տրամադրվել այլ անձի: Եվ եթե ԱԱԾ-ն հայտնաբերել է պետական անվտանգության սպառնալիք, ինչ գործողություններ են արվել արդյունքում։ Գրել էինք, որ 2 կառույցից էլ պատասխան չստանալուց հետո փաստաբանը դիմել է դատախազություն:
Երեկ տեղեկացանք, որ 2 կառույցից էլ պատասխանել են, ավելի ճիշտ՝ խուսափել են պատասխանելուց, ինչը եւս նշանակում է, որ ոչ մի սպառնալիք էլ չեն հայտնաբերել, եւ հեռախոսն անօրինական կարգով է հայտնվել նախ՝ քննիչի, ապա՝ ԱԱԾ տնօրենի ձեռքում, որտեղ վերծանել են ինֆորմացիան եւ դրել Փաշինյանի սեղանին, ապա փոխանցվել է ողջ թիմին։
ԱԱԾ-ն պատասխանել է․ «Ձեր հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ դրանում հիշատակվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ապացուցողական եւ վարույթային այլ գործողությունների կատարման վերաբերյալ տվյալներ, որոնց կրողը հանդիսանում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն, ուստի առաջարկվում է անհրաժեշտ տեղեկատվությունը հայցել վարույթն իրականացնող մարմնից»։ Իսկ հակակոռուպցիոնից ասել են, թե հեռախոսի տեղեկատվությունն օգտագործել են բացառապես օրենսդրությամբ նախատեսված հիմքերով եւ ընթացակարգերով»: