Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել

12 Դեկտեմբեր, 2024 10:00
«Ժողովուրդ». Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

«ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում, որը կայացավ երեկ՝ երեկոյան, երիտասարդները նվաստացրել են իրենց գործընկերոջը՝ Հակոբ Ասլանյանին:

Ինչպես հայտնեցինք, երեկ՝ երեկոյան, Հակոբ Ասլանյանը, ի համերաշխություն ընկերոջ՝ Հովիկ Աղազարյանի, հայտարարել էր, որ մեկ ամսով կասեցնում է կուսակցական գործունեությունը ՔՊ-ում, մինչև հասկանա, թե ինչ է կատարվում Աղազարյանի շուրջ:

Հայտարարությունից անմիջապես հետո ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը շտապեց իր ուսուցչին փոխանցել թերևս Նիկոլ Փաշինյանի կողմից իրեն ուղարկված ՍՄՍ-ի բովանդակությունը, որ Ասլանյանը շտապել է իր հայտարարության մեջ:

Ասլանյանը, համացանցից օգտվելու կարողություն չունենալով, 5 անգամ էկրանանկար (screenshot) տեղադրեց իր ֆեյսբուքյան էջում, շտապեց ArmLur.am-ին հարցազրույց տալ, թե տաք սրտով է որոշում կայացրել, հիմա ուղեղը սառն է և փոշմանել է: Բայց զղջումը չօգնեց Ասլանյանին:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախ՝ Հակոբ Ասլանյանին ՔՊ խմբակցության վերնախավը դժվար է գտել, հետո՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ Ասլանյանի հետ խոսել են, կմասնակցի խմբակցության նիստին: Ապա, հավաքվելով ԱԺ 334 սենյակում, երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել:
Կարճ ասած՝ ստորացրել են ու հեռացրել:

Հիմա Ասլանյանը մտածում է շարունակե՞լ մնալ պատգամավոր, թե՞ մանդատը վայր դնել: Բայց հակված է մնալ, նստել Աղազարյանի կողքին՝ որպես որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր:

Մնում է սպասել, թե Ասլանյանի հեռախոսի պարունակությունը երբ կհայտնվի վարչության, ապա խմբակցության պատգամավորների սեղանին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին