Կարևոր իրադարձություններ

Առևտրի ոլորտում ստվերային շրջանառության դեպք է բացահայտվել (տեսանյութ)

26 Նոյեմբեր, 2024 11:05
Առևտրի ոլորտում ստվերային շրջանառության դեպք է  բացահայտվել (տեսանյութ)

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, օրերս բացահայտել է շուրջ 260 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք։ 

Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14 բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գործող սննդամթերքի առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց գանձում է կանխիկ գումարներ և ոչ բոլոր դեպքերում է գնորդներին տրամադրում հսկիչ-դրամարկղային կտրոններ: Փոխարենը տրամադրում է միայն ներքին հաշվառման փաստաթուղթ` խուսափելով առանձնապես խոշոր չափի հարկեր վճարելուց։ 

Ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալները հաստատվել են: Մասնավորապես, փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ սննդամթերքի առևտրով զբաղվող տվյալ ընկերությանը պատկանող առևտրի սրահում  առկա է 260.240.000 ՀՀ դրամի ստվերային շրջանառություն։

Հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների նախազգուշացման և կանխման շրջանակում արձանագրված ստվերային շրջանառությունը ներկայացվել է հարկ վճարողին: Արդյունքում՝ վերջինս ինքնակամ հարկային մարմնին է ներկայացրել 2023 թվականի հոկտեմբեր, դեկտեմբեր, 2024 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի և ակցիզային հարկի և 2023 թվականի շահութահարկի ճշտված հաշվարկները։ 

Ընկերության իրացման շրջանառությունն ավելացել է 260.240.000 ՀՀ դրամի չափով և առաջացել է պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելացված արժեքի հարկի գումար՝ 43382008 ՀՀ դրամ և շահութահարկ` 21534639 ՀՀ դրամի չափով։ 

Միջոցառման արդյունքում ընկերության մոտ, ընդհանուր առմամբ, առաջացել է 64916647 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություն, որն ամբողջությամբ վերականգնվել է։ Հիշեցնենք, որ առկա իրավակարգավորումների համաձայն վաճառքից գանձված գումարների մուտքագրումը հսկիչ-դրամարկղային մեքենա պարտադիր է: Նշված պահանջի պարբերաբար չկատարումը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների մասին, ուստի ՊԵԿ-ը հորդորում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և չկատարել ապօրինություններ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին