ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է «SILICON MOUNTAINS 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովի պանելային քննարկմանը եւ խոսել արհեստական բանականության զարգացման հնարավորությունների ու մարտահրավերների մասին:
Հակոբ Արշակյանի գնահատմամբ արհեստական բանականությունը` որպես տեխնոլոգիա, աշխատանքի բավականին լայն տիրույթ է ձեւավորում ոչ միայն տեխնոլոգիական, այլ նաեւ այլ ոլորտների համար: ԱԺ փոխնախագահը հավելել է, որ այստեղ հիմնական ուժը, կարողությունը ձեւավորվում է գիտելիքի միջոցով: Նշվել է, որ ՀՀ վարչապետին կից Գիտության եւ տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեում, ինչպես նաեւ գիտության եւ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում սահմանված 5 ուղղություններից մեկն էլ արհեստական բանականությունն է:
«Կարծում եմ՝ տնտեսության լավագույն հնարավորությունն այն է, երբ, օրինակ, գյուղատնտեսական ոլորտում խոշոր ընկերությունն իր աշխատողներին սովորեցնում է արհեստական բանականության գործիքներից օգտվել` առօրյա աշխատանքն իրականացնելու համար: Տեխնոլոգիական հզորություններով համադրված գիտելիքներով եւ տնտեսության ճյուղերի միջեւ կամուրջներ կառուցելով՝ մենք կկարողանանք առավելագույն օգուտներ բերել Հայաստանին»,- արձանագրել է ԱԺ փոխխոսնակը:
Հակոբ Արշակյանը խոսել է ոլորտում մեր երկրի` դեռեւս Խորհրդային Միության ժամանակաշրջանում ձեւավորված ավանդույթների մասին: Նրա գնահատմամբ Հայաստանը փորձում է չշեղվել այդ ավանդույթներից եւ, միեւնույն ժամանակ, շուկայում հյուրընկալում բազմաթիվ խոշոր ընկերությունների, որոնք վերջերս իրենց սեփական գիտահետազոտական ռեսուրսով տեղափոխվել են Հայաստան:
«Բազմաթիվ ավանդույթներ ամրապնդվեցին նաեւ Սփյուռքի աջակցությամբ: Հայաստանում հիմնված բազմաթիվ ընկերությունները հսկայական օժանդակություն են ստանում Սփյուռքից եւ լայն կապեր ունեն սիլիկոնյան հովտի պես կենտրոնների, ինչպես նաեւ եվրոպական տեխնոլոգիական կառույցների ու համայնքների հետ: Վստահ եմ, որ ներդաշնակ միջավայրում փոխգործակցությունը լավագույնս կնպաստի Հայաստանի աճին»,- վստահեցրել է ԱԺ նախագահի տեղակալը:
Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել դպրոցականների տվյալահեն մտածողության զարգացմանը: Նշվել է, որ արհեստական բանականության կիրառումը մեծ ազդեցություն կունենա մի շարք ոլորտների զարգացման վրա: Քննարկումներ են ընթացել Հայաստանում արդյունաբերական ոլորտի վրա արհեստական բանականության ազդեցության եւ տված հնարավորությունների շուրջ:
ԱԺ փոխնախագահը, անդրադառնալով արհեստական բանականության մարտահրավերներին, կարծիք է հայտնել, որ ցանկացած արդյունաբերական հեղափոխության պարագայում եղել են նման մարտահրավերներ, որոնք հաղթահարվել են:
Հակոբ Արշակյանը խոսել է նաեւ սկսնակ ընկերությունների գործունեության մասին: Ըստ նրա` կան նորարարություններ, որոնք ի տարբերություն բազմազգ ընկերությունների` կարող են ի հայտ գալ սկսնակների մոտ: Հետեւաբար, շատ կարեւոր է հենց բազմազգ ընկերությունների շուրջ ճիշտ էկոհամակարգ ունենալը: Բազմազգ ընկերությունների ստարտափները համադրություն են, ինչը Հայաստանին բերում է նորարարության առաջնագիծ: Մենք Հայաստանում ներկայացված մի շարք բազմազգ ընկերություններ ունենք, որոնց շուրջ կան բազմաթիվ ստարտափներ, որոնք լիարժեք օգտագործում են իրենց գիտելիքն ու կապերը»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Ոլորտում կենսունակ էկոհամակարգը Հակոբ Արշակյանը պայմանավորել է նաեւ Սփյուռքի ներուժով:
«Բարձր տեխնոլոգիաներն ապահովում են ՀՆԱ-ի 7 տոկոսը եւ կարծում եմ, որ ունենալով ոլորտում ավելի քան 50,000 մասնագետներ՝ էկոհամակարգի ապագան բավականին պայծառ եւ հուսադրող է»,- փաստել է նա:
Պանելային քննարկմանը մասնակցող տարբեր ոլորտների եւ ուղղությունների փորձագետները եւս ներկայացրել են իրենց փորձն ու տեսլականն այն հարցի շուրջ, թե ինչ ազդեցություն կունենան տնտեսության եւ կրթության վրա արհեստական բանականության զարգացմանն ուղղված ներդրումները:
«SILICON MOUNTAINS 2024» տեխնոլոգիական գագաթնաժողովը մեր երկրում անցկացվում է արդեն 7-րդ անգամ:
Կազմակերպիչը Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունն է: