Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 6-8-ը Մոնտենեգրոյի Բուդվա քաղաքում մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 2024 թվականի տարածաշրջանային պլատֆորմին, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, շուրջ 73 կազմակերպություններ և ՄԱԿ-ի կառույցներ, տարածաշրջանային միավորումներ, տեղական և միջկառավարական կազմակերպություններ, զարգացման միջազգային բանկեր:
ՀՀ պատվիրակության կազմում էին ՆԳ նախարարության, Արտաքին գործերի և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՄԱԿ-ի տարբեր կառույցների անդամներ:
ԵՄ հանձնակատար Յանեշ Լենարչիչը ողջունելով ներկաներին՝ ընդգծել է տարածաշրջանային երկրների համար նման միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը:
Բարձրաստիճան կլոր-սեղան քննարկման ընթացքում ընդունվել է քաղաքական հռչակագիր, որով առանձնահատուկ կարևորվում են աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ մինչև 2030 թվականն իրականացվելիք գործողությունների առաջնահերթությունները և համագործակցության շրջանակները։
ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում անդրադարձել է աղետների ռիսկերի նվազեցման գործընթացներում հանրության, բոլոր շահառունրերի ներառականության կարևորությունը։ Նա, մասնավորապես, նշել է, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման քաղաքականությանը, որն ուղղված է ինչպես առկա, այնպես էլ նոր ռիսկերին, ինչի մասին են վկայում ՀՀ-ում վերջին բնական աղետների ժամանակ համայնքների դերը պատրաստվածության և արձագանքման գործում:
Սարգսյանի խոսքով՝ աղետների ռիսկի կառավարման ռազմավարությունը միտված է հզորացնելու համայնքային կարողությունները՝ առաջնահերթ ընդունելով ապակենտրոնացված քաղաքականությունը, որում պետք է հաշվի առնվեն ռիսկերը և տեղական կարիքները:
Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի ձևաչափով համագործակցության հարթակները միավորում են կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածի գործընկերներին՝ հնարավորություն ընձեռելով նաև բազմակողմանի մոտեցման շնորհիվ ապահովել երիտասարդների և երեխաների ներգրավումը տեխնոլոգիական նորարարություններում, ինչպիսիք են ռոբոտաշինությունը և արհեստական բանականությունը: