Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Որոշման նպատակը մասնագիտական աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը հարկման հատուկ համակարգերից հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելը, ինչպես նաև շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռելն է: Մասնավորապես, առաջարկվում է սահմանափակել շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության համակարգերում գործունեության հետևյալ տեսակների կազմակերպումը. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի՝ 1. «F (ԷՖ) Շինարարություն» հատվածում ներառվող՝ «41. Շենքերի շինարարություն», «42. Քաղաքացիական շինարարություն», «43. Մասնագիտացված շինարարական գործունեությունը», 2. «L (ԷԼ) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն» հատվածում ներառվող (68.3 Անշարժ գույքի հետ գործառնություններ վարձատրությամբ կամ պայմանագրային հիմունքով, 3. «M (ԷՄ) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն» հատվածում ներառվող՝ «69. Իրավաբանական և հաշվապահական գործունեությունը», «70. Գլխամասային գրասենյակների գործունեություն. Կառավարման հարցերով խորհրդատվական ծառայությունները», «71. Ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն. Տեխնիկական փորձարկումները և վերլուծությունները», «73. Գովազդային գործունեությունը և շուկայի իրավիճակի հետազոտությունը», «74. Մասնագիտական, գիտական և տեխնիկական այլ գործունեությունը», 4. N (ԷՆ) «Վարչարարական և օժանդակ գործունեություն» հատվածում ներառվող՝ «78.2 Ժամանակավոր աշխատուժով ապահովման գործունեությունը», «78.3 Աշխատուժով ապահովման այլ գործունեությունը», 5. «Q (ՔՅՈՒ) Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկում» հատվածում ներառվող՝ «86. Առողջապահությունը»: Բացի այդ, առաջարկվում է սահմանափակելմիկրոձեռնարկատիրության համակարգում ավտոբուսներով (միկրոավտոբուսներով) միջմարզային, ներմարզային երթուղով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեության իրականացումը։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող հարկ վճարողներին հաշվարկային փաստաթղթերով և հաշվարկային փաստաթուղթ չհամարվող այլ փաստաթղթերով հիմնավորված վարչական ծախսերը շրջանառության հարկի գումարից նվազեցնելու հնարավորություն ընձեռել: