Կարևոր իրադարձություններ

«Փաստ». Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց ոչ այնքան՝ Թրամփի համար

07 Նոյեմբեր, 2024 09:14
«Փաստ». Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց ոչ այնքան՝ Թրամփի համար

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Տեղի ունեցող համաշխարհային գործընթացները, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վերլուծելիս և դրանց հետագա ընթացքը կանխատեսելիս փորձագիտական հանրույթից հաճախակի լսվում էր հետևյալ ձևակերպումը՝ շատ հարցերի հնարավոր կլինի պատասխանել ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքներից հետո:

Նոյեմբերի 5-ին կայացած ընտրությունները փաստեցին՝ ԱՄՆ 47- րդ նախագահն է հանրապետական Դոնալդ Թրամփը: Ինչպիսի՞ն կլինի արդեն Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ի ազդեցությունը միջազգային տարբեր գործընթացների վրա: Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն այս հարցին անդրադառնալիս հիշեցնում է Թրամփի՝ ավելի վաղ արված հայտարարությունները:

«Թրամփը բազմիցս հայտարարել է, որ ցանկանում է հարաբերությունները կարգավորել Ռուսաստանի հետ և աշխատելու է Ռուսաստանի հետ: Սա, իհարկե, իր հերթին կբերի ուկրաինական ճակատում որոշակի փոփոխությունների: Թրամփը հայտարարել է՝ ամեն ինչ անելու է, որ հնարավորինս արագ դադարեցվի Ուկրաինայում պատերազմը: Տեսնենք, թե ինչպես է դա իրականացնելու, ինչպես է դրան միս և արյուն տալու: Բազմիցս հայտարարել է, որ Չինաստանի հետ փորձելու է երկխոսության գնալ, ինչը նույնպես շատ կարևոր է: Միայն այս երեք ուղղությունները ցույց են տալիս, որ իր՝ հաջորդ չորս տարվա նախագահությունն աշխարհում բերելու է որոշակի փոփոխությունների: Կարծում եմ՝ սա բոլորի համար ակնհայտ է դարձնում այն, որ Թրամփն, այդուհանդերձ, կարողանալու է իրավիճակը համաշխարհային պրոցեսներում փոխել: Սա՝ եթե նայենք գլոբալ խնդիրներին: Շատ կարևոր է նաև Իրանի նկատմամբ դիրքավորումը:

Կարևոր է նաև այն, որ Թրամփը հայտարարում է, թե ցանկանում է խաղաղություն բերել իր հետ, նույնը հայտարարում է նաև իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասով՝ միաժամանակ ասելով, որ անվերապահորեն աջակցելու է Իսրայելին: Այստեղ ինձ մոտ խզում է առաջանում այն առումով, որ՝ լավ, եթե և՛ խաղաղություն է բերելու, և՛ աջակցելու է Իսրայելին, ապա դա ինչպե՞ս, ի՞նչ ձևով է տեղի ունենալու: Կարծում եմ, որ առաջիկայում այս բոլոր հարցերի պատասխաններն իրենից կլսենք՝ հասկանալու համար, թե ինչ արտաքին քաղաքականություն է նա որդեգրելու ամենատարբեր ուղղություններում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը: Իսկ ինչպիսի՞ն կլինեն զարգացումները մեր տարածաշրջանում և հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում:

«Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար: Առաջին չորս տարին իր պարագայում տեսել ենք այս տարածաշրջանի նկատմամբ պասիվ քաղաքականություն, բայց հիմա իրավիճակը մի քիչ այլ է: Միացյալ Նահանգները գոնե վերջին չորս տարին այստեղ ակտիվ աշխատել է, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հայադրբեջանական բանակցություններում: Չեմ կարծում, որ Թրամփն ընդհանրապես մեզանով չզբաղվի, ինչպես չէր զբաղվում չորս տարի առաջ՝ իր նախագահության օրոք:

Որոշակի ակտիվություն կարող է լինել այս ուղղությամբ՝ մասնավորապես պայմանավորված նաև այն հանգամանքով, որ իր շրջապատում հիմա կան մարդիկ, որոնք հայկական խնդիրներին քաջատեղյակ են, գիտեն ընդհանրապես, թե որտեղ է, այսպես ասենք, Հայաստանը, ինչ խնդիրներ ունի և այլն: Սա, իհարկե, իր ազդեցությունը կարող է ունենալ: Չմոռանանք նաև նրա երկու ուղերձները՝ հեռախոսազանգը, որն ունեցավ Արամ Ա կաթողիկոսի հետ և ուղերձ հղեց հայ համայնքին ընտրություններից առաջ: Իհարկե, դրանք նախընտրական տրամաբանության մեջ պետք է դիտարկել, բայց սրանք նաև լավ հիմք են` դառնալու հաջորդ տարիներին հայ համայնքի, եկեղեցու և լոբբիստների աշխատանքի համար»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծենք, որ վերջին օրերին Թրամփն իր խոսքում կիրառել էր «Արցախ» անունը, նաև «էթնիկ զտումներ» տերմինը: Ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփը՝ որպես նախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» գործընթացի և «Խաղաղության պայմանագրի» հնարավոր ստորագրման վրա: «Սա իրականում ամենաբարդն է, որովհետև Բայդենը կողմերին անընդհատ կոչ էր անում մինչև տարեվերջ ստորագրել «Խաղաղության համաձայնագիրը»: Հիմա, բնականաբար, Բայդենի ազդեցությունն այլևս չկա, եթե լիներ Հարիսը, էլի չէր լինի, բայց գոնե մի փոքր ավելի կլիներ: Հիմա Թրամփն է, իհարկե, այդ ազդեցությունն ընդհանրապես Ալիևի վրա չի գործելու: Թրամփը գալու է նոր թիմով, նոր մարդկանցով, տեսնենք, թե ովքեր ինչ պաշտոն են զբաղեցնելու՝ հասկանալու համար, թե ինչ զարգացումներ պետք է սպասել նաև այդ ուղղությամբ»,-հավելում է ամերիկագետը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին