Կարևոր իրադարձություններ

Գրիպի դեմ տարեկան պատվաստումը կարևոր կանխարգելիչ միջոց է ասթմա ունեցող մարդկանց համար. ԱՆ

28 Հոկտեմբեր, 2024 15:31
Գրիպի դեմ տարեկան պատվաստումը կարևոր կանխարգելիչ միջոց է ասթմա ունեցող մարդկանց համար. ԱՆ

Ի՞նչ է բրոնխային ասթման. շնչուղիների քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը բնութագրվում է շնչուղիների կրկնվող բորբոքումով, դիտվում է շնչառության դժվարացում, հազ և խզզոց:

Շնչառական համակարգը գրիպի ժամանակ հայտնվում է թիրախում և ասթմա ունեցող մարդիկ ավելի խոցելի են դառնում. կարող են սրել հիվանդության ախտանիշները և բարդացնել ասթման` առաջացնելով լուրջ բարդություններ, ինչպիսիք են թոքաբորբը, շնչառական անբավարարությունը:

Գրիպի դեմ տարեկան պատվաստումը կարևոր կանխարգելիչ միջոց է ասթմա ունեցող մարդկանց համար։ Պատվաստանյութն աշխատում է՝ խթանելով իմունային համակարգը արտադրելու հակամարմիններ գրիպի վիրուսի դեմ, ինչը կանխում է վարակը կամ նվազեցնում դրա ծանրությունը: Քանի որ գրիպի վիրուսը պարբերաբար փոխվում է, պատվաստանյութի կազմը ամեն տարի թարմացվում է՝ առավել տարածված շտամներից պաշտպանելու համար։

Բազմաթիվ կլինիկական հետազոտություններ հաստատում են, որ գրիպի դեմ պատվաստումը արդյունավետ է ասթմա ունեցող անձանց, այդ թվում երեխաների մոտ ծանր հետևանքները կանխելու առումով և պատվաստումներից հետո ասթմայի սրացումների զգալի աճ չի նկատվել։ Իրականում, գրիպով վարակվելու բարդությունների ռիսկը շատ ավելի մեծ է, քան պատվաստանյութի հետ կապված ցանկացած փոքր ռիսկ։

Այսպիսով` գրիպի դեմ պատվաստումը ոչ միայն օգուտ է տալիս ասթմա ունեցող մարդկանց, այլև նպաստում է հանրային առողջությանը՝ ձևավորելով կոլեկտիվ իմունիտետ: Երբ բնակչության զգալի մասը պատվաստվում է, գրիպի տարածումը դանդաղում է, ինչը անուղղակիորեն պաշտպանում է այն մարդկանց, ովքեր ունեն իմունային խանգարումներ, այդ թվում՝ ծանր ասթմա ունեցող անձինք, որոնք կարող են պատվաստմանը լավ չարձագանքել։

 

Լրահոս

Դիտել ավելին