Փոքր և միջին ձեռնարկությունների դիմակայունության և աճի խթանման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ և «Էրնսթ ընդ Յանգ» (EY) ՓԲԸ-ի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ուսումնասիրությունը:
Ուսումնասիրության նպատակն է բացահայտել Հայաստանի ՓՄՁ-ների աճի ներուժն ու հնարավորությունները՝ անդրադառնալով խնդիրներին ու մարտահրավերներին:
Ուսումնասիրությունը կենտրոնանալու է տնտեսության համար առաջնային նշանակություն ունեցող ոլորտներից մի քանիսի շուրջ, ներառելով՝
Սննդամթերքի և խմիչքի արտադրություն,
Տեքստիլ, հագուստի և կաշվե իրերի արտադրություն,
Դեղագործական, գիտահետազոտական և տեխնոլոգիական արտադրություն,
Համակարգչային ծրագրավորում և խորհրդատվական ծառայություններ
Վերհանելով այս ոլորտներում աճի կարևորագույն գործոնները և հնարավոր խոչընդոտները՝ ուսումնասիրությունը կնպաստի քաղաքականության մշակման և աջակցման ծրագրերի մշակման գործընթացին՝ նպաստելով Հայաստանի ՓՄՁ կայունության և արտադրողականության բարձրացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը:
Ուսումնասիրության արդյունքում կդիտարկվի Հայաստանում ՓՄՁ մրցունակության բարձրացման կենտրոնի ստեղծման նպատակահարմարությունը: Այն կարող է ծառայել որպես Հայաստանի ՓՄՁ փոփոխվող կարիքներին հարմարեցված շարունակական աջակցության, գիտելիքների փոխանակման և ռազմավարական զարգացման մշտական կենտրոն:
Ինչպես մասնակցել
Ուսումնասիրությանը մասնակցելու դեպքում Դուք հնարավորություն կունենաք․
Ստանալ անհատական «Մրցունակության համեմատական հաշվետվություն», որը կարտացոլի Ձեր կազմակերպության մրցունակության չափանիշները և կազմակերպության դիրքը շուկայում՝ համեմատելով Հայաստանում և տարածաշրջանում նույն ոլորտում գործող ՓՄՁ-ների հետ:
Մասնակցել փորձի և գիտելիքների փոխանակման նպատակով կազմակերպվող սեմինարներին և միջոցառումներին՝ ամրապնդելով կապը ՀՀ բիզնեսների հետ։
Հավաքագրված բոլոր տվյալները մնալու են անանուն՝ մասնակիցների գաղտնիությունը պաշտպանելու նպատակով։
Հարցմանը կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ՝ https://globaleysurvey.ey.com/jfe/form/SV_72vgskjkVpbJzee։
Հարցման մասնակցության վերջնաժամկետ՝ հոկտեմբերի 21։
Այս ուսումնասիրությունը հնարավորություն է ընձեռում ստեղծել առավել մրցունակ բիզնես միջավայր: Առաջարկում ենք նշված ոլորտներում գործող ՓՄՁ-ներին օգտվել այս հնարավորությունից և դերակատարություն ունենալ Հայաստանի տնտեսության առավել կայուն ապագայի ձևավորման գործում: