Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար և հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի հարևանությամբ բախվել են «BMW» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, օպերատիվ է գործել «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Հրշեջները կանխել են ավտոմեքենաներում կրակի տարածումը, ապա մարել այն:
«BMW»-ն վարել է Տավուշի մարզի բնակիչ 37-ամյա Վազգեն Ղ.-ն, իսկ «ՎԱԶ 2107»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Գանգա Գ.-ն: