Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
««Հերացի» համալսարանական հիվանդանոցում գրանցվել է բժշկական տեսակետից ուշագրավ դեպք
Սրտի հաղորդականության խանգարում ունեցող 61-ամյա կնոջ կյանքը փրկվել է՝ տեղադրելով մշտական մեկ խոռոչանի ռիթմավար սարք:
Սա թիմային հերթական աշխատանքի արդյունքն էր:
Վերակենդանացման բաժանմունքում պացիենտն ունեցել է սրտի կանգի էպիզոդներ: Սրտի կանգի հաստաված բավականին երկար տևողությունը կարող էր բերել լուրջ հետևանքների: Վերակենդանացման միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել սրտի աշխատանքը:
Հետազոտությունների արդյունքում արդեն ցուցում դրվեց և համատեղ կոնսիլյումների ընթացքում որոշում կայացվեց պացիենտին տեղադրել ժամանակավոր ռիթմավար, քանի որ այդ ժամանակ նա գտնվում էր էնդոտրախյալ ինտուբացված, այսինքն ապրելիությունը գնահատել այդ իրավիճակում բավակաին բարդ էր: Տեղադրվեց ժամանակավոր ռիթմավար: Բուժումը դրական արդյունք տվեց, սրտի կանգի էպիզոդներ չգրանցվեցին. որոշվեց տեղադրել մշտական ռիթմավար սարքը։
Բնածին հիվանդության պատճառով 35 տարի առաջ հեռացվել էր բուժառուի մեկ թոքը, ինչն էլ ավելի ռիսկային էր դարձրել վիրահատությունը:
Միջամտությունը բարդ էր, քանի որ կինն ուներ նաև ուղեկցող այլ առողջական խնդիրներ, ի սկզբանե բուժհաստատություն տեղափոխվել էր այլ խնդրով:
https://heratsi.am/srti_haxordakanut_khangarum/
Մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանում իրականացվում է ինտերվենցիոն առիթմոլոգիական ծառայությունների ամբողջ շղթան:
Կարևոր է հետազոտվել, որ խնդիրը չհասնի միջամտության»: