ՀՀ ԱԳ նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանն ու Վահան Կոստանյանը հուլիսի 23-ին ընդունել են ամերիկյան հուդայա-քրիստոնեական «Save Armenia» միության պատվիրակության անդամներին։
Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարարի տեղակալներ Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ներդրած ջանքերը։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչող շարունակական սպառնալիքներին:
ԱԳ նախարարի տեղակալներն անդրադարձել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին և համագործակցության մակարդակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն միտված քայլերին։
Պարույր Հովհաննիսյանը և Վահան Կոստանյանը պատասխանել են նաև պատվիրակության անդամների հարցերին։