Կարևոր իրադարձություններ

Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»

18 Հունիս, 2024 08:31
Աշխարհաքաղաքական փոփոխությունների նոր գունային գամման. Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխարհաքաղաքական հարթակում շարունակվում են «տեկտոնական» տեղաշարժերը։ Նոր աշխարհակարգի ձևավորման տեսանկյունից փորձաքար է Ուկրաինայում ընթացող պատերազմը։ Չնայած պատերազմում չի երևում կողմերից որևէ մեկի լիակատար հաղթանակը, սակայն ռուսական զինուժը մերթընդմերթ նկատելի առաջընթաց է ապահովում։ Բնականաբար, շատ կարևոր է, թե ինչ պայմաններով կավարտվի պատերազմը։ Պատահական չէ, որ Պուտինը կրկին առաջ է քաշել Ուկրաինայում խաղաղության դիմաց ռուսական կողմի՝ նախկինում մերժված պայմանները։ Ըստ այդ պահանջների, ուկրաինական բանակը պետք է դուրս գա Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերից, որոնք գրավվել են ռուսների կողմից։ Կիևը պետք է հրաժարվի նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից։

Սակայն Ուկրաինան Արևմուտքի աջակցությամբ մերժում է ՌԴ-ի առաջարկները։ Մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արևմուտքի պատժամիջոցային քաղաքականությունն իր արդյունքները չի տվել, Ռուսաստանի տնտեսությունը ոչ միայն չի հյուծվել, այլև շարունակում է աճել։ Վերլուծաբանները նույնիսկ նկատում են, որ այս տարի ռուսական տնտեսությունն ավելի բարձր աճ է ապահովելու, քան, օրինակ՝ ԱՄՆ տնտեսությունը։ Ռուսաստանին ոչ միայն հաջողվել է տնտեսությունը ռազմական ռելսերի վրա դնել, այլև իր արտահանումը վերաուղղել դեպի արևելք՝ մասնավորապես Չինաստան ու Հնդկաստան։ Միևնույն ժամանակ, Արևմուտքում միասնականություն չկա Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասով։

Օրինակ՝ Գերմանիայի կառավարությունը ձգձգում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ բանակցությունները, որը պետք է հաստատվեր G7-ի գագաթաժողովի սկզբում։ Հունիսի 15-16-ը Շվեյցարիայում տեղի ունեցավ Ուկրաինայում խաղաղությանն առնչվող միջազգային համաժողովը, որի օրակարգում էր նաև Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, բայց ընթացքը ցույց տվեց՝ գրեթե ոչ մի ակնկալիք չկա, որ այն մեծ արդյունքներ է ունենալու։ Խնդիրն այն է, որ այդ համաժողովին չէին մասնակցում Ռուսաստանը, Չինաստանը և այլ կարևոր երկրներ։ Ուստի, սպասվում է, որ Ուկրաինայի հարցով երկրորդ համաժողովին կմասնակցեն Ռուսաստանն ու Չինաստանը, որը կարող է գործնական ադյունքներ ունենալ։ Մյուս կողմից էլ՝ միջազգային հարաբերություններում ակտիվանում է տարբեր բլոկների միջոցով աշխատանքը։

Իտալիայում տեղի ունեցավ G7-ի երկրների գագաթաժողովը, որի շրջանակներում հասցեագրվեցին առկա առանցքային խնդիրները։ Սակայն Մոսկվայում էլ անցած շաբաթ հանդիպեցին BRICS երկրների արտգործնախարարները, ինչի ընթացքում էլ քննադատության ենթարկվեց Իսրայելը՝ Գազայի հատվածում իր գործողությունների համար, քննարկվեց ազգային արժույթներով առևտուրը՝ կոչ անելով վերակազմավորում իրականացնել Համաշխարհային առևտրի կազմակերպությունում։ Պատահական չէ, որ արդեն տևական ժամանակ այս կազմակերպության շրջանակներում քննարկման առանձին օրակարգ է դարձել ԱՄՆ դոլարի գերակայությունից ազատվելը և առևտրում առանձին ընդհանուր արժույթի գործարկումը։ Բայց տնտեսական առումով առանցքային է, որ BRICS երկրները, որոնք ներկայացնում են զարգացող տնտեսություններ, անցյալ տարի ՀՆԱ-ի տեսանկյունից ավելի են նպաստել համաշխարհային տնտեսական աճին, քան G7-ի երկրները։

Բացի այդ, այս միջազգային հարթակն ընդլայնվում է։ Այս տարի BRICS-ի նոր անդամներ դարձան Եգիպտոսը, Իրանը, ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եթովպիան։ Այնպես որ, Արևմուտքն անհանգստանալու զգալի պատճառներ ունի։ Առավել զարմանալին այն է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Չինաստանում հայտարարել է, թե Թուրքիան ցանկություն ունի միանալ BRICS-ին: Թուրքիան, լինելով արևմտյան ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ, ակտիվորեն համագործակցում է նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Ուստի որոշ վերլուծաբաններ ենթադրում են, որ Թուրքիան նույնիսկ կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից, բայց այս ենթադրությունը տվյալ պահին քիչ հավանական է։ Ուղղակի Անկարան իրեն չի նույնականացնում Արևմուտքի, մասնավորաբար ՆԱՏՕ-ի հետ, բայց փորձում է օգտվել այս դաշինքի ընձեռած հնարավորություններից և իրեն դիրքավորել որպես առանձին խաղացող, որը մեծ ամբիցիաներ ունի։

Թուրքիայի հավակնությունները կապված չեն Արևմուտքի հետ։ Այս երկրի՝ ԵՄ-ի անդամակցության հարցը այլևս երկրորդական պլան է մղվել, փոխարենն առաջ են եկել մյուս նպատակադրումները։ Անկարան մի կողմից ձգտում է իր ազդեցությունը տարածել իսլամական աշխարհում, դրանով է պայմանավորված Իսրայելի նկատմամբ կոշտ դիրքորոշումը, իսկ մյուս կողմից էլ ձեռնամուխ լինել պանթուրքական ծրագրերի իրականացմանը, ինչի վկայությունն է Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի առաջ մղումը»։

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
 

Լրահոս

Դիտել ավելին