Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

27 Հունիս, 2024 20:34
Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին

Հունիսի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Մասաչուսեթս նահանգի Ուստրի Սուրբ Փրկիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին՝ առաջնորդությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Թադեոս քահանա Բարսեղյանի։

Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ Տեր Թադեոսն ընդգծել է, որ ուխտավորները Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին են այցելել իրենց ուխտը վերանորոգելու և Հայրենիքի հետ կապը զորացնելու համար։

Հայոց Հովվապետը, իր հայրական սերն ու օրհնությունը փոխանցելով ուխտավորներին, կարևորել է սփյուռքի հայորդյաց զորակցությունը իրենց հայրենաբնակ քույրերին ու եղբայրներին Հայաստանի համար այս ծանր և դժվարին ժամանակաշրջանում։

Նորին Սրբությունն արձանագրել է, որ Ցեղասպանությունը վերապրած հայորդիները, բնակություն հաստատելով ԱՄՆ-ում, հավատքով ու լավատեսության ոգով վերակերտել են ազգային կյանքը և, համախմբվելով Եկեղեցու շուրջ, պահպանել իրենց ինքնությունը։

Հայրապետը նկատել է, որ Ուստրի հայ համայնքը, լինելով հնագույնը ԱՄՆ-ում, դրա լավագույն վկայությունն է։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ մեր ժողովուրդը նույն հավատքով ու զորեղ կամքով, համազգային միասնականությամբ ի զորու է դիմագրավել մերօրյա բոլոր դժվարություններն ու փորձությունները, ամրապնդել հիմերը հայոց անկախ պետականության, հետամուտ լինել տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանությանը։

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը նաև պատգամել է ուխտավոր հայորդիներին առավել աշխուժացնել համայնքային կյանքը՝ կրթելով ու դաստիարակելով իրենց զավակներին հոգևոր-ազգային արժեքներով, ամրապնդելով նրանց սրտերում սերն ու նվիրումը հայրենիքի և Հայոց Եկեղեցու նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին