Կարևոր իրադարձություններ

Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման համար որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչվել

27 Հունիս, 2024 18:59
Երևանում Համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման համար որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ է ճանաչվել

«Ռենշին» ՍՊԸ-ի  ներկայացրած՝ Համաշխարհային առևտրի կենտրոն (World Trade Center (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագիրն իրականացնելու նպատակով՝ կառավարությունն ընդունել է «Երևան քաղաքի Սարյան և Պարոնյան փողոցների միջնամասում (Սարյան 22 հասցեում գտնվող գույքին հարակից) գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և պետության սեփականությունը հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» որոշում: Ծրագիրը միտված է հանրապետությունում զբոսաշրջության բազմազանության ու քաղաքաշինության զարգացման ապահովմանը, ինչպես նաև բնակչության մեջ առողջ ապրելակերպի հաստատմանը և համահունչ է ՀՀ կառավարության կողմից որդեգրած տնտեսական զարգացման ռազմավարությանը:

Ծրագրի իրականացման դեպքում նախատեսվում են կոնֆերանս դահլիճներ՝ Միջազգային ֆորումների, գագաթնաժողովների և այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, «EXPO» սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների և գործարար ակտիվության ծավալելու համար, զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձևափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայր։ Ծրագրի նպատակներից է հասնել որակի բացառիկ մակարդակի՝ Հայաստանի շուկայում ձևավորելով քաղաքաշինության նոր չափանիշներ, և նպաստել Հայաստանի առաջխաղացմանը միջազգային մակարդակում։

Գործադիրն ընդունել է նաև «Պետական գույքն օտարելու մասին» որոշում, որով առաջարկվում է Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, պետական սեփականություն հանդիսացող, ք. Երևան, Նուբարաշեն Չնքուշի փողոցում գտնվող շինությունը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասն օտարել մրցույթով: Գույքի օտարման հարցը քննարկվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, որի վերաբերյալ նախարարությունը տեղեկացրել է, որ առարկություններ չունի։

Գույքը կառուցվել է 1968 թ., որի վնասվածությունը գնահատվում է 4-րդ աստիճանի։ Մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 63 000 000 դրամ։ Մրցույթին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի վաճառքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով՝  3 150 000 դրամ, որը մրցույթի հաղթող ճանաչված մասնակցի  համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է պետբյուջե։ Որոշմամբ սահմանվել է նաև, որ առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով 6-ամսյա ժամկետում կկազմակերպվեն հերթական մրցույթներ՝ առանց գույքի վաճառքի գնի նվազեցման։

 

 

Լրահոս

Դիտել ավելին