Կարևոր իրադարձություններ

Միջազգային համագործակցություն. կապահովվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը

27 Հունիս, 2024 18:05
Միջազգային համագործակցություն. կապահովվի Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի կառուցումը

Հավանություն է տրվել  Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագրին: ՀՀ-ի համար առաջնահերթություն համարվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի Սիսիան-Քաջարան շուրջ 60 կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը  նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝27.12 կմ  երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65 կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, 24.25 կմ երկարությամբ Հարավային ենթահատված: Հարավային ենթահատվածի կառուցման ծրագրի գնահատված արժեքը կազմում է 452 մլն եվրո: Նախատեսվում է ծրագրի ֆինանսավորումն իրականացնել ՎԶԵԲ և ԵՆԲ կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հարավային ենթահատվածի ֆինանսավորման համար անհրաժեշտ վարկային միջոցները կազմում են 373 մլն եվրո, որից 236 մլն եվրոն նախատեսվում է ներգրավել ՎԶԵԲ-ից, իսկ 137 մլն եվրոն՝ ԵՆԲ-ից: ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը կազմում է 79 մլն եվրո:

Այսպիսով՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության ու ՎԶԵԲ-ի միջև 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք (Սիսիան-Քաջարան հարավային հատված)» վարկային համաձայնագիրը՝ 236 մլն եվրո արժողությամբ: Համաձայնագրի շրջանակներում կառուցվելու է 24.25 կմ երկարությամբ ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհ, որը հնարավորություն կտա` կրճատելու Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը,  ինչի արդյունքում կնվազի երթևեկության տևողությունը, կավելանա տրանսպորտային միջոցների առկա 50 կմ/ժ միջին արագությունը մինչև 100 կմ/ժ, կբարձրացվեն երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը։ Ճանապարհահատվածի կառուցումը կնպաստի նաև ապրանքաշրջանառության մեծացմանը, տրանսպորտային ծախսերի կրճատմանը, տարանցիկ տրանսպորտի ներգրավմանը և տուրիզմի զարգացմանը: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2032թ նոյեմբերը:

Գործադիրը հավանություն է տվել 2023 թվականի ապրիլի 25-ին ընդունված «Մշակութային ժառանգության ասիական դաշինք» կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ Մշակութային ժառանգության ասիական դաշինքը կամավոր մասնակցության, հավասարության, փոխադարձ հարգանքի և շահի սկզբունքների հիման վրա ասիական երկրների կողմից ստեղծված միջկառավարական համագործակցության մեխանիզմ է: Այն իրականացնում է, մասնավորապես,  հետևյալ գործունեությունը՝ աջակցություն համատեղ նախագծերի իրականացմանը Ասիայում մշակութային ժառանգության պահպանության և կառավարման ոլորտում՝ ներառյալ, սակայն չսահմանափակելով հետևյալ ոլորտներով՝ հնագիտություն, ժառանգության օբյեկտների պահպանություն և վերականգնում, միջթանգարանային փոխանակում, Համաշխարհային մշակութային ժառանգության անվանակարգում, պահպանություն և կառավարում, մշակութային արժեքների ապօրինի ներմուծման և արտահանման կանխարգելում և մշակութային արժեք հանդիսացող կորած օբյեկտների վերադարձի և փոխհատուցման դյուրացում, համաժողովների, ֆորումների և մշակութային ժառանգության ոլորտում այլ միջոցառումների կազմակերպում: Ակնկալվում է, որ դաշինքը նոր հարթակ կդառնա լավագույն փորձի փոխանակման համար, ինչպես նաև կնպաստի հայկական մշակութային ժառանգության հանրահռչակմանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին