Կարևոր իրադարձություններ

Հայաստանը պատրաստակամ է սատարել մարդասիրական բոլոր նախաձեռնություններին

21 Հոկտեմբեր, 2015 16:49
Հայաստանը պատրաստակամ է սատարել մարդասիրական բոլոր նախաձեռնություններին

Հոկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզին և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Պատրիկ Վիալին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՀՀ ՊՆ և ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ խնդիրներն ու օրակարգային հարցերը, նախանշել առաջիկա համատեղ ծրագրերը: Հանդիպման ժամանակ ԿԽՄԿ պատվիրակները արժևորեցին Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովում ՀՀ պետական կառավարման մարմինների և հատկապես պաշտպանության նախարարության ներդրումը` շնորհակալություն հայտնելով համագործակցության և ներկայացուցչության բարձր մակարդակի համար: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ Արցախյան ազատամարտի ժամանակ անհայտ կորածների մտացածին թվաքանակի և զանգվածային հուղարկավորության վայրերի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների տարածած ապատեղեկատվությունը և հայկական կողմին հասցեագրված անպատասխանատու մեղադրանքները նպատակամիտված են ոչ միայն միջազգային հանրությանը ապակողմնորոշելուն, այլև ադրբեջանական հասարակությունում հակահայկական տրամադրությունները հանցավոր կերպով խորացնելուն: Հանդիպումը եզրափակելիս Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց ԿԽՄԿ-ին և դրա հայաստանյան ներկայացուցչությանը համագործակցության բարձր մակարդակի համար՝ վստահեցնելով, որ ՀՀ պետական կառավարման պատկան մարմինները պատրաստակամ են սատարել կազմակերպության` մարդասիրական ուղղվածության բոլոր նախաձեռնություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին