Կարևոր իրադարձություններ

2016 թվականից «վիրտուալ տուլիկներ»՝ դատապարտյալներին

21 Հոկտեմբեր, 2015 15:16
2016 թվականից «վիրտուալ տուլիկներ»՝ դատապարտյալներին

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը գործադիրին առաջարկել է փոփոխություններ կատարել կառավարության կողմից 2006 թվականին հաստատված «Քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում» եւ կալանավորված անձանց եւ դատապարտյալներին ծանրոցներ եւ հանձնուքներ, փաթեթներ էլեկտրոնային ճանապարհով փոխանցելու հնարավորություն ստեղծել:

Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից: Ներկայում ՔԿՀ-ներում կալանավորված անձանց եւ դատապարտյալներին ուղարկվող ծանրոցները, հանձնուքները եւ փաթեթները հիմնականում ընդունվում են քաղաքացիների կողմից ՔԿՀ-ներ բերելու միջոցով, ինչն ավելորդ  դժվարություններ է առաջացնում քաղաքացիների համար։ Գործող օրենսդրությամբ հանձնուքները ուղարկվում են կալանավորված անձի կամ դատապարտյալի մերձավոր ազգականների կողմից, իսկ այլ անձանց կողմից ուղարկվելու դեպքում ընդունվում են միայն կալանավորված անձի կամ դատապարտյալի գրավոր համաձայնության դեպքում։ Ծանրոցները, հանձնուքները ենթարկվում են մանրակրկիտ զննության, ինչը ժամանակատար աշխատանք է ՔԿՀ ծառայողների համար, թեեւ զննության արդյունքում միշտ չէ, որ հնարավոր է հայտնաբերել արգելված իրեր եւ առարկաներ։

Նախատեսվող փոփոխության համաձայն՝ մեր երկրում կալանավորված անձին կամ դատապարտյալին ծանրոցներ, հանձնուքներ եւ փաթեթներ կարող են փոխանցվել նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական ինտերնետային կայքէջի միջոցով պատվերներ կատարելով: Առցանց պատվեր կատարող անձը կայքէջի միջոցով ծանոթանալով ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրին, կարող է սահմանված պայմանների ընդունումից հետո կատարել պատվեր:

Առցանց պատվեր կատարելու գործընթացն իրականացվում է «Աջակցություն դատապարտյալին» պետական հիմնադրամի միջոցով: Առցանց պատվեր կատարելու համար պատվիրատուն կայքէջի «կատարել պատվեր» կոճակի միջոցով ձեւակերպում է պատվերի հայտը՝ նշելով անուն, ազգանուն, հայրանուն, էլեկտրոնային փոստի հասցե, քրեակատարողական հիմնարկի անվանումը, կալանավորված անձի կամ դատապարտյալի անուն, հայրանուն եւ ազգանունը, ծննդյան օրը, ամիսը եւ տարեթիվը: Առցանց պատվերը ստանում է հիմնադրամը եւ փոխանցում համապատասխան ՔԿՀ վարչակազմին: Համապատասխան քրեակատարողական հիմնարկի ծառայողը ստուգում է կալանավորված անձի կամ դատապարտյալի առկայությունը տվյալ քրեակատարողական հիմնարկում, ստանում է նրա գրավոր համաձայնությունը՝ ծանրոցներ, հանձնուքներ եւ փաթեթներ ընդունելու մասին:

Կալանավորված անձը կամ դատապարտյալը կարող է որոշակի ժամկետով հետաձգել պատվերի ընդունումը կամ մասնակի ընդունել, կամ փոխարինել պատվերի առարկան՝ նախապես հիմնադրամի աշխատակցի միջոցով ստանալով պատվիրատուի համաձայնությունը։ Առցանց պատվերի հայտը մերժման դեպքում քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա հանձնարարությամբ այլ ծառայողը կայացնում է համապատասխան որոշում՝ նշելով պատվերի հայտը մերժելու պատճառները, անունը, ազգանունը, պաշտոնը եւ կոչումը։ Առցանց պատվերի հայտը մերժելու մասին որոշումը հիմնադրամի միջոցով ուղարկվում է պատվիրատուին:

Հայտն ընդունելու դեպքում՝ ՔԿՀ համապատասխան ծառայողը հիմնադրամի աշխատակցից ընդունում է ցուցակով պատվիրված ապրանքը եւ սահմանված կարգով մեկօրյա ժամկետում փոխանցում դատապարտյալին կամ կալանավորված անձին: Վերջինս հանձնուքը ստանալուց հետո ստորագրում է ցուցակի 2 օրինակները, որի  մեկ օրինակը տրվում է հիմնադրամի համապատասխան աշխատակցին:

Արդարադատության նախարարության կողմից կառավարությանը ներկայացրած նախագծում նշված է, որ աշխարհի մի շարք երկրներում գործում է հանձնուքներ փոխանցելու էլեկտրոնային եղանակը: Ռուսաստանի Դաշնությունում 2009 թվականից գործում է համացանցի միջոցով դատապարտյալներին եւ կալանավորված անձանց համար ծանրոցներ, հանձնուքներ եւ փաթեթներ ուղարկելու փորձը, որը արդյունավետ կիրառվում է մինչ այսօր: Ազատազրկման վայրերում գտնվող անձանց կողմից առցանց առեւտուր կատարելու հնարավորություն նախատեսված է Կանադայում, ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում: Միջազգային փորձը վկայում է, որ դատապարտյալների կամ կալանավորված անձանց համար առցանց եղանակով կարող են ձեռք բերվել ոչ թե ցանկացած տեսակի իր կամ առարկա, այլ միայն այն առարկաները, իրերը կամ սննդամթերքը, որն արգելված չէ: 

 

Լրահոս

Դիտել ավելին