Կարևոր իրադարձություններ

Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը», շուտով կհաստատվի. Փաշինյան (լուսանկարներ)

19 Մարտ, 2024 17:24
 Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը», շուտով կհաստատվի. Փաշինյան (լուսանկարներ)

Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը:

Վարչապետը ողջունել է պարոն Ստոլտենբերգի այցը մեր երկիր և նշել. «Հարգելի գլխավոր քարտուղար, ողջունում եմ Ձեր և Ձեր պատվիրակության այցը Հայաստանի Հանրապետություն։ Շատ ուրախ եմ այս այցի համար, որովհետև ակնհայտորեն այն շատ լավ հնարավորություն է քննարկելու մեր լայնածավալ օրակարգը, ինչը թերևս հենց նոր արեցինք։ Իհարկե, Ձեր պատվիրակության կազմում շատ ծանոթ մարդիկ կան, ովքեր պարբերաբար այցելում են Հայաստանի Հանրապետություն, մենք թարմ տեղեկատվություն ենք տրամադրում նրանց, նրանք թարմ տեղեկատվություն են տրամադրում մեզ առկա հարցերի ու քաղաքականությունների վերաբերյալ։ Իհարկե, մենք հետաքրքրված ենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցության խորացմամբ, և հույս ունեմ, որ Հայաստանի համար անհատականորեն հարմարեցված ծրագիրը կընդունվի հնարավորինս շուտ։ Դուք գիտեք, որ այժմ մենք գտնվում ենք մասշտաբային բարեփոխումների փուլում, և հույս ունեմ, որ այդ ծրագիրն օգտակար կլինի նաև մեր արտաքին օրակարգի համար։ Եվս մեկ անգամ, բարի գալուստ»։

Մենք շահագրգռված ենք շարունակելու զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և ընդլայնելու գործընկերությունը Դաշինքի, ինչպես նաև առանձին անդամ պետությունների հետ: Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր ձևաչափը՝ «Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագիրը», շուտով կհաստատվի: Մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումների լույսի ներքո Հայաստանի համար չափազանց կարևոր է ուժեղացնել իր դիմակայունությունը և զարգացնել համապատասխան պաշտպանական կարողությունները:

Մենք մեծապես կարևորում ենք նաև Հայաստանի մասնակցությունը խաղաղապահ գործողություններին և այն համարում ենք կարևոր ներդրում միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործում։ Հայկական խաղաղապահ ստորաբաժանումը շարունակում է իր ներդրումն ունենալ Կոսովոյի (KFOR) առաքելությունում, և ինչպես տեղյակ եք, 2023թ. հուլիսին, երբ Կոսովոյում որոշակի անկայուն իրավիճակ էր, Հայաստանն ավելացրեց իր խաղաղապահ ստորաբաժանման անձնակազմը լրացուցիչ 17 զինծառայողով։

Հարգելի՛ գործընկերներ,

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ նաև տարածաշրջանացման քաղաքականությանը: Մեր առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ, չափազանց կարեւոր են եւ մեր որեւէ համագործակցություն չի կարող ուղղված լինել մեր իսկ տարածաշրջանի դեմ:

Պարոն Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը և մոտեցումները։ Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը՝ կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված 3 սկզբունքների հիման վրա, այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճանաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի՝ Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում՝ վերականգնելու համար 1991թ. ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջև, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ՝ հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ նաև թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացնող՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 

Լրահոս

Դիտել ավելին