Կարևոր իրադարձություններ

Անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք (տեսանյութ)

16 Մարտ, 2024 11:53
Անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք (տեսանյութ)

Անչափահասների շրջանում իրավախախտումների նախականխումը, կանխումն ու խափանումը ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում են։ Ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության ծառայողները պարբերաբար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում ինչպես ուսումնական հաստատություններում սովորողների , այնպես էլ տնտեսվարողների շրջանում։

Մարտ ամսվա ընթացքում նրանք տարբեր մարզերում իրականացված շրջայցերի ընթացքում տնտեսվարողներին իրազեկել են ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների իրացման կանոնները, օրենսդրությամբ սահմանված իրավական նորմերն ու դրանք խախտելու դեպքում իրավական հետևանքները։

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը սահմանում է ծխախոտային արտադրատեսակները, դրանց փոխարինիչները կամ նմանակները 18 տարին չլրացած անձանց վաճառելու կամ որևէ այլ եղանակով իրացնելու արգելքը։ Վաճառք իրականացնելիս գնորդի տարիքի վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում տնտեսվարողը պետք է պահանջի անձը հաստատող փաստաթուղթ և միայն գնորդի չափահաս լինելու դեպքում կարող է վաճառք իրականացնել։

Անչափահասներին ծխախոտային արտադրատեսակներ կամ դրանց փոխարինիչներ վաճառելը կամ որևէ այլ եղանակով իրացնելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80 000-100 000 դրամի չափով, իսկ վաճառելու կամ իրացնելու մեջ ներգրավելը՝ 150 000-200 000 դրամի չափով։ Վարչական պատասխանատվություն է սահմանված նաև անչափահասներին ալկոհոլային խմիչքներ վաճառելու դեպքում։ Այն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 50 000 դրամի չափով։

Նմանատիպ միջոցառումները շարունակական են: ՆԳ նախարարությունը հետևողական է ինչպես այս, այնպես էլ անչափահասների կողմից ցանկացած իրավախախտման կանխարգելման հարցում:

Հիշեցնենք, որ անչափահասներին ծխախոտ կամ ալկոհոլ վաճառելն առաջացնում է իրավական հետևանք:

 

Լրահոս

Դիտել ավելին