Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլերը Երեանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀԲ-ն առաջիկա տարիներին Հայաստանի համար ունի 700 միլիոն դոլար արժեցող ծրագրեր: Թե հատկապես ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը եւ ինչ ուղղությունների, մանրամասներ հայտնի չեն: Բայց, փաստացի, ՀԲ-ն Հայաստանին խոստանում է 700 միլիոն դոլար: Ի՞նչ պետք է անի Հայաստանը դրա դիմաց, ի՞նչ պայմանով է ՀԲ-ն հայտնում 700 միլիոն դոլար աջակցության պատրաստակամություն:
Մյուս կողմից, խոսքը ոչ թե նվիրատվության, այլ վարկային ծրագրերի մասին է: Այսինքն, ՀԲ մտադրությունը նշանակում է Հայաստանի արտաքին պարտքի ավելացում: Մինչդեռ Հայաստանի արտաքին պարտքն արդեն իսկ հասել է մի նշաձողի, որը գրեթե առավելագույն թույլատրելին է տնտեսական առողջ տրամաբանության տեսանկյունից: Հայաստանի արտաքին պարտքը հասնում է ՀՆԱ կեսին ու թեեւ հեռու է իհարկե պարտքային այն ճգնաժամի սահմանից, որն օրինակ եղավ Հունաստանի դեպքում, այդուհանդերձ դա ինքնին դեռ չի նշանակում, որ Հայաստանը կարող է հանգիստ գնալ պարտքի ավելացման:
Հայաստանում դեֆոլտի շոշափելի վտանգներ կարծես թե դեռ չկան, բայց Հայաստանի տնտեսական ու քաղաքական կարգը, ընթացքը այնպիսին են, որ առավել շոշափելի ուրվագծվողը դեֆոլտի ռիսկն է, ոչ թե բեկման հեռանկարը:
Պետության պարտքային բեռը ծանրանում է ոչ այնքան ինքնին իր ծավալով, որքան իր օգտագործման եւ տնտեսության ընթացքի արդյունավետության բացակայության հետեւանքով: Հայաստանի պարտքային բեռը 4 միլիարդ դոլարից ավելի է: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ անկախությունից ի վեր մոտ 2 միլիարդ դոլարից ավելի օգնություն՝ նվիրատվություն է արել ԱՄՆ-ն, ապա ստացվում է ներգրավված մոտ 6 միլիարդ դոլար: Դրան գումարվում են նաեւ Եվրամիության հատկացրած ֆինանսական օժանդակությունները, նաեւ ռուսական վարկերը, եւ այդ ամբողջը կհասնի մոտ 7-8 միլիարդ դոլարի:
Արդյոք Հայաստանի տնտեսությունն իր վրա դրականորեն զգացել է այդ ֆինանսական միջոցների ներգրավման էֆեկտը, ի՞նչ է փոխել այդ մոտավոր 7-8 միլիարդ դոլարը Հայաստանի տնտեսությունում, գոյատեւման խնդիրներից բացի ի՞նչ այլ՝ ինստիտուցիոնալ զարգացման խնդիրներ է լուծել, ի՞նչ հիմքեր են գցվել, կոռուպցիոն հիմքերից բացի: Դրանք հարցեր են, որոնք Հայաստանում չունեն պատասխան, որովհետեւ Հայաստանում չի կատարվել արտաքին ֆինանսական միջոցների ծախսի արդյունավետության հանգամանալից ուսումնասիրություն: Եղել են լոկալ փորձեր, ու այդ փորձերն իսկ վեր են հանել մեղմ ասած խորքային կոռուպցիոն ռիսկեր: Կարելի է պատկերացնել, թե Հայաստանում ինչ պատկեր կլինի, եթե կատարվի արտաքին ֆինանսական միջոցների ծախսի առավել հանգամանալից եւ համալիր ուսումնասիրություն, կամ պարզապես հետաքննություն:
Միեւնույն ժամանակ, միջազգային հասարակական կառույցների գնահատմամբ, վերջին տասնամյակում Հայաստանից անօրինական ճանապարհով դուրս է բերվել մոտ 7,5 միլիարդ դոլար: Այդ տվյալը հրապարակել էր Global Financial Integrity միջազգային կազմակերպությունը: Այդ փողը մոտավորապես հավասար է Հայաստան ներգրավված արտաքին ֆինանսական միջոցներին՝ վարկերին ու դրամաշնորհներին:
Ավելին՝ http://www.lragir.am/index/arm/0/comments/view/122121#sthash.EswShjuP.dpuf