Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդն է WPA վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

21 Նոյեմբեր, 2023 15:11
Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում երկրորդն է WPA  վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը նոյեմբերի 16-18-ը ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ Լեհաստանի Նովի Սոչ քաղաքում մասնակցել է WPA վարկածով պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը:

Հայաստանի ընտրանին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ է նվաճել: 20 երկրների ավելի քան 300 մարզիկների պայքարում Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը` զիջելով միայն Լեհաստանի հավաքականին:

Հայաստանի հավաքականը ներկայացված է եղել 12 մարզիկով` տղաների և աղջիկների, պատանիների, երիտասարդների, մեծահասակների և վետերանների քաշային կարգերում:

Պատանիների 48 կգ քաշայինների կարգի ձգում վարժության պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտյոմ Գալստյանը՝ 115 կգ արդյունքով նաև ռեկորդ սահմանելով: 60 կգ քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Ալիկ Խաչատրյանը, որը նաև պատանիների մինչև 19 տարեկանների բացարձակ հաշվարկում զբաղեցրել է երրորդ տեղը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 74 կգ քաշային Արթուր Վարդանյանը դարձել է Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Արտակ Ավետիսյանը 90կգ քաշային կարգում հռչակվել է Եվրոպայի կրկնակի չեմպիոն: 100 կգ քաշայինների պայքարում էլ չեմպիոնի կոչմանն արժանացել է Վահե Ափիցարյանը:

Մեծահասակների 56 կգ քաշային կարգի ձգում վարժությունում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սեյրան Աբրահամյանը՝ 180 կգ արդյունքով նաև Եվրոպայի ռեկորդ սահմանելով: 100 կգ քաշայինների կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Սեդրակ Մացակյանը:

82,5 կգ քաշայինների M4 տարիքային խմբում հաղթել է Դավիթ Գրիգորյանը, իսկ 90 կգ քաշայինների M2 տարիքային խմբում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Կարեն Հովհաննիսյանը: 100 կգ քաշայինների M2 տարիքային խմբում հավասարը չի ունեցել Հայկ Աֆյանը, իսկ Արտյոմ Խուգոյանը (110 կգ) հաղթող է դարձել ձգում վարժությունում` 302,5 կգ արդյունքով Եվրոպայի ռեկորդ սահմանելով, ինչպես նաև մեծահասակների բացարձակ հաշվարկում զբաղեցնելով երկրորդ տեղը:

Աղջիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել 75 կգ քաշային Ալլա Միրզոյանը՝ բացարձակ հաշվարկում զբաղեցնելով նաև երրորդ տեղը:

 

Լրահոս

Դիտել ավելին