Կարևոր իրադարձություններ

Ավանդական խաղերի ներկայացմամբ ամփոփվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը (լուսանկարներ)

28 Օգոստոս, 2023 11:39
Ավանդական խաղերի ներկայացմամբ ամփոփվել է «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագիրը (լուսանկարներ)

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից:

Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում անցկացվել է «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը։ Փառատոնի շրջանակում ՀՀ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիներ, իրանցիներ, ասորիներ, լեհեր, հայկական «Վարք հայոց», «Մասունք» ավանդական երգի-պարի խմբերը թե՛ առանձին տաղավարներում, թե՛ համապատասխան հարթակներում, ներկայացրել են ազգային խաղերը և դրանց առանձնահատկությունները, կազմակերպել խաղ-մրցույթներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հետևել են խաղերին, շրջել տաղավարներում։ Նախարարը հետաքրքրվել է դրանց պատմությամբ, ծագմամբ և զարգացմամբ։ Ժաննա Անդրեասյանը դրական է գնահատել Եվրոպական ժառանգության օրերին ազգային ավանդական խաղերի անցկացումը՝ ընդգծելով դրանք հանրային ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու, մասսայականացնելու անհրաժեշտությունը՝ առանձին փառատոների կազմակերպմամբ։

ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ «Եվրոպական ժառանգության օրերը» հիանալի առիթ է բազմաբնույթ միջոցառումների միջոցով ևս մեկ անգամ ծանոթանալու հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակութային ժառանգությանը: Նա կոչ է արել բոլորին իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ մեկ անգամ ևս արժևորել մեր մշակութային ժառանգությունը և ներդրում ունենալ այն պահպանելու ու դարերի հավերժությանը փոխանցելու նվիրյալ գործում:

Նախարարն այցելել է նաև թանգարան, ծանոթացել պայմաններին և խնդիրներին, տեղում քննարկել հնարավոր լուծումները։ Նշենք, որ պետական աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է թանգարանի վնասված տանիքը։ Երեկոն ամփոփվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «ԽԱՂ» ներկայացմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին