Կարևոր իրադարձություններ

Պատմական Հայաստանի քարտեզի նախորդ տարբերակն արդեն երեք օր է` վերականգնված է (լուսանկարներ)

08 Հունիս, 2023 13:40
Պատմական Հայաստանի քարտեզի նախորդ տարբերակն արդեն երեք օր է` վերականգնված է (լուսանկարներ)

Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրման թեման դեռ չմարսած` թուրքական ԶԼՄ-ներն արդեն երկրորդ շաբաթն է շահարկում են Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում Պատմական Հայաստանի քարտեզի լեդ էկրանով ցուցադրումը` բնորոշելով որպես «սկանդալային» և «սադրիչ»:

Պատմական Հայաստանի քարտեզի` լեդ էկրանով ցուցադրմանն ադրադարձել է նաև Գերմանիայում Ադրբեջանի դեսպանը: Վերջինս թվիթերյան էջում հրապարակել է Երևանի մետրոպոլիտենի տեղադրած տեսանյութը` գրելով` «Հայաստանի տարածքային պահանջները բոլոր հարևանների նկատմամբ»։

Հավելենք, որ սույն դեսպանը հայտնի է որպես կեղծ լուրեր տարածող։ Ավելի վաղ նա մեկ այլ գրառմամբ հայտնել էր, որ Հայաստանը կրակել է «խոշոր տրամաչափի զենքերից`խախտելով հրադադարը», որպես հիմնավորում` հրապարակելով նկար Ուկրաինայից։

Քարտեզի հանելը քննարկման թեմա դարձավ նաև հայկական լրատվամիջոցներում: Մինչդեռ Երևանի մետրոպոլիտենը պարզաբանել էր, որ քարտեզը «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից հանվել էր մաշվածության ու խամրածության պատճառով և որ այն պետք է ցուցադրվեր լեդ էկրանով, որի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր:

Քանի որ գրեթե 6 տարի իր ուրույն տեղն ունեցած քարտեզի հանելը լայն հանրային հնչեղություն ձեռք բերեց, որոշել են այն նորից փակցնել, պարզապես լեդ էկրանի հակառակ մասում:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը, վերականգնված քարտեզը տեսանելի է շարժասանդուղքից. «Քարտեզի հետ փակցնելը էդպես հանրային հնչեղություն ձեռք չբերեց, ոնց որ հանելը, թեպետ լեդ էկրանի վրա ավելի գունավոր ու պատկերավոր է երևում այն:

Անսալով ուղևորների բողոքներին` մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց`բացի այն, որ լեդ էկրանի վրա կա, քարտեզը հետ վերականգնել, ու արդեն 3 օրն է վերականգնված է»:

 

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին