Կարևոր իրադարձություններ

Համաձայնագրի վավերացմամբ կսահմանվեն հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները

07 Հունիս, 2023 13:02
Համաձայնագրի վավերացմամբ կսահմանվեն հայ-չեխական ռազմատեխնիկական համագործակցության ուղղությունները

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Չեխիայի Հանրապետության կառավարության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի վավերացման հարցը քննարկվել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 7-ի նիստում:

Համաձայնագիրը ստորագրվել է 2019 թվականի ապրիլի 9-ին, Երեւանում: Սահմանվելու են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են ռազմական նշանակության արտադրանքի արտադրության, ներմուծման եւ արտահանման, լիցենզավորման, որակի նկատմամբ հսկողության ապահովման, անհրաժեշտ մասնագետների եւ տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացները, ռազմատեխնիկական ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություններին աջակցության, տեղեկությունների փոխանակման եւ պահպանման հետ կապված հարաբերությունները:

Համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով կողմերի լիազոր մարմիններ են հանդիսանալու Պաշտպանության նախարարությունները, ինչպես նաեւ Հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ստեղծվելու է ռազմատեխնիկական համագործակցության աշխատանքային խումբ: Հիմնական կարգավորումները ներկայացնելիս նշել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Գուրգեն Մելքոնյանն առաջարկել է կողմ քվեարկել համաձայնագրի վավերացմանը:

Հաջորդ կարգավորմամբ առաջարկվում է օրենսդրական նախադրյալներ ստեղծել պարեկային ծառայության կազմում ջրային պարեկային ծառայության մասնագիտացված ստորաբաժանման ստեղծման համար: Կնախատեսվեն նաեւ լիազորություններ, որ կառույցն իր ֆունկցիաների իրականացման շրջանակում պրոֆեսիոնալ աշխատի եւ իրավաչափ միջամտություն ցուցաբերի: «Ոստիկանության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներում փոփոխությունները ներկայացնելով՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում ներկայացվել են տեխնիկական առաջարկներ:

Հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանն առաջարկել է գործընկերներին կողմ քվեարկել:

Քննարկված հարցերն արժանացել են հանձնաժողովի դրական եզրակացությանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին