Կարևոր իրադարձություններ

Մեր խնդիրը պայմանագիրը չէ. պետք է կարողանանք փոխել ուժերի բալանսն ու արտաքին դաշնակիցներ ձեռք բերել. միջազգայնագետ

05 Հունիս, 2023 16:04
Մեր խնդիրը պայմանագիրը չէ. պետք է կարողանանք փոխել ուժերի բալանսն ու արտաքին դաշնակիցներ ձեռք բերել. միջազգայնագետ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում անդրադառնալով Մոլդովայում տեղի ունեցած Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցություններին, ասել է, որ սահմանազատման հարցում և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք։

ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում։ Նրա կարծիքով, եթե մենք այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, ինչպես նաև միջազգային հանրության ուժեղ աջակցությունը լինի, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը։

Նշենք, որ վերջին շրջանում մի շարք բանակցային հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որոնք ուղեկցվել են միջազգային գործընկերների մասնակցությամբ:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է միջազգայնագետ Արթուր Խաչիկյանը, դժվար է ասել, թե այս պարագայում ինչն է դրական գնահատվում, սակայն փաստը մեկն է՝ հանձնելով Արցախը, հաջորդը կորցնելու ենք Սյունիքը:

«Սրանում որևէ կասկած անգամ չկա, ես, համենայն դեպս, չեմ տեսնում դրանում նման բան: Այս գործընթացին խաղաղության պայմանագիրը չի կարող կանգնեցնել. այն չի կանգնեցնի ո՛չ Ադրբեջանին, ո՛չ Թուրքիային: Դե իսկ ռուս-ուկրաինական ճակատում լայնածավալ պատերազմի վերջնարդյունքից էլ շատ բան է կախված թե՛ մեզ, թե՛ աշխարհի համար»,- նկատում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակում պայմանագիրը կարևոր չէ, ի վերջո, այն կարելի է խախտել, չէ՞ որ առաջին դեպքը չէ, երբ մեզ հետ կնքած պայմանագրերը խախտում են:

«Նման վառ օրինակներից է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը, որն այս տարիների ընթացքում բազմիցս խախտվել է: Մեր խնդիրը պայմանագիրը չէ, այլ այն, որ կարողանանք փոխել ուժերի բալանսն ու արտաքին դաշնակիցներ ձեռք բերել, սակայն դա այժմ ևս չունենք: Մեզ թուղթը չի պաշտպանի»,- վստահեցնում է միջազգայնագետը:

Խաչիկյանի կարծիքով՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի դրական արդյունքների և, ինչու ոչ, խաղաղության հասնելու համար կարևոր է ունենալ ճիշտ արտաքին քաղաքականություն ու հստակ պայմանավորվածություններ դաշնակից երկրների հետ:

«Կարծում եմ՝ նման պետություններից մեկը Հայաստանի համար Իրանն է: Չնայած նրան, որ ստեղծված իրավիճակում հույսներս չպետք է այլոց վրա դնենք, այլ մեծապես ապավինենք մեր ուժերին: Բացի դա միջազգային հանրության վերաբերմունքն այս հարցի վերաբերյալ մենք ակնհայտորեն տեսանք Բաքվում, երբ նրանք, այսպես ասած, նավթի ու գազի դիմաց վաճառեցին մեզ: 3 օր առաջ Բաքվում ամեն բան պարզ դարձավ. դե պարզից էլ պարզ է՝ նրանց նավթ ու գազ է պետք: Բացի դա, կարծում եմ՝ սադրանքներ ևս  այս մասով կրկին կլինեն, որոնց էլ հնարավոր է հաջորդեն հարձակումները Սյունիքի վրա: Մենք ծայրահեղ վտանգավոր իրավիճակում ենք ու առհասարակ նման իրավիճակ է տիրում ողջ աշխարհում»,- նկատում է նա:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին