Կարևոր իրադարձություններ

Թեհրանում կայացել է «Անվտանգ դպրոց» ծրագրի առաջնորդների երկրորդ հանդիպումը

20 Հոկտեմբեր, 2015 20:00
Թեհրանում կայացել է «Անվտանգ դպրոց» ծրագրի առաջնորդների երկրորդ հանդիպումը

Օրերս ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրավերով ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը աշխատանքային այցով մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան քաղաքում կայացած «Անվտանգ դպրոց» ծրագրի առաջնորդների երկրորդ հանդիպմանը։ Փոխնախարարը հանդիպմանը հանդես է եկել «Անվտանգ դպրոց»-ին նվիրված թեմատիկ ելույթով՝ ներկայացնելով ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ դպրոցների և կրթական հաստատությունների սեյսմիկ անվտագության բարձրացման ուղղությամբ: Ա. Ղուլարյանն իր ելույթի ընթացքում անդրադարձել է ՀՀ կառավարության ընդունած՝ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման` 2015-2030 թվականների ծրագրային որոշմանը, ներկայացնելով, որ հիշյալ որոշման համատեքստում հաստատվել է հիմնանորոգման կամ ամբողջությամբ վերակառուցման ենթակա 350 դպրոցների ցանկը։ Փոխնախարարը մասնակիցներին տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվելով սեյսմիկ բարձր ռիսկային գոտում և կարևորելով դպրոցների սեյսմիկ անվտանգությունը, այն դասել է ՀՀ գերակա ծրագրերի շարքում, դրանց իրագործման համար համագործակցելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և մի շարք այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ: Աշխատանքային հանդիպման ընթացքում ներկայացվել են ԻԻՀ-ում դպրոցների անվտանգության ուղղությամբ կիրառվող ամրացման, աղետների կառավարման և աշակերտների ուսուցման մեթոդները: Ներկայացվել են նաև ՄԱԿ-ի աղետների ռիսկերի նվազեցման ուղղությամբ միջազգային ռազմավարության վերաբերյալ զեկույցներ։ Հանդիպման ավարտին առաջարկվել է ՀՀ-ում իրականացվող բոլոր դպրոցաշինական ծրագրերն ընգրկել մեկ ընդհանուր՝ «Անվտանգ դպրոց» խորագիրը կրող ծրագրի մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին